Տնտեսություն 

Հայաստանի արտաքին առևտուրը ՌԴ–ի հետ 4 ամսում կրճատվել է երկու անգամ. վիճակագրություն

Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը Ռուսաստանի հետ 2015թթ.–ի հունվար–ապրիլ ամիսներին կազմել է 222,5 մլն դոլար` 2014թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 51 տոկոսով, հաղորդվում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության կայքում։



Միաժամանակ, հաշվետու շրջանում Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին ապրանքաշրջանառության կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 17,7%։



2015թ.–ի հունվար–ապրիլ ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է շուրջ 3,4 մլն դոլար` 2014թ.–ի նույն շրջանի 90,8 մլն դոլարի դիմաց, իսկ ՌԴ–ից ներկրումը Հայաստան կազմել է 219,1 մլն դոլար (39,7 տոկոս անկում)։



Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունն ԱՊՀ երկրների հետ հաշվետու շրջանում կազմել է շուրջ 273,8 (մասնաբաժինը` 21,8 տոկոս, անկումը` 48,5 տոկոս)։ Միաժամանակ, ԵՄ երկրների հետ առևտուրը 2015թ.–ի հունվար–ապրիլ ամիսներին կազմել է շուրջ 364,3 մլն դոլար (մասնաբաժինը` 29 տոկոս, անկումը` 30 տոկոս), իսկ այլ երկրների հետ առևտուրը կազմել է 619,9 մլն դոլար (մասնաբաժինը` 47,5 տոկոս, անկումը` 18 տոկոս)։



Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2015թ.–ի հունվար–ապրիլ ամիսներին կազմել է շուրջ 1 258,1 մլն դոլար` 2014թ.–ի նույն շրջանի համեմատ նվազելով 31,4 տոկոսով։ Միաժամանակ, հաշվետու շրջանում արտահանման ծավալը կազմել է շուրջ 376,4 մլն դոլար` նվազելով 18,8 տոկոսով, իսկ արտահանումը` շուրջ 881,7 մլն դոլար` նվազելով 35,7%–ով։ Արդյունքում արտաքին առևտրի բալանսի բացասական սալդոն կազմել է 505,3 մլն դոլար։



Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2015թ.–ի հունվար–ապրիլ ամիսներին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության տվյալները ԵՏՄ երկրների միջև առևտրի ցուցանիշների ոչ լիարժեք փոխհաշվարկի պատճառով ամբողջական չեն և շտկումների կարիք ունեն։

Նույն շարքից