Չինաստանում ևս անցկացվել են Հայոց ցեղասպանության հիշատակման հիմնական միջոցառումներ։ Հիմնական միջոցառումները տեղի են ունեցել Նանջինգ քաղաքում, այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Չինաստանում հայկական միությունից։
Նանջինգն ընտրված էր որպես ցեղասպանության հիշատակման կենտրոն, քանի որ 1937թ. ճապոնացիները Նանջինգում կոտորել են 300 հազար չինացիների և ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, այնպես էլ Նանջինգի կոտորածների դեպքում՝ կազմակերպիչները չեն ընդունում իրենց մեղավորությունը:
Չինաստանում հայկական համայնքի անդամներն այցելել են Նանջինգի Ցեղասպանության թանգարան և ծաղիկներ դրել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության և Նանջինգի կոտորածների զոհերի հիշատակի:
Նանջինգի արվեստի համալսարանի ցուցասրահում կայացել է գեղանկարիչ Սեվադա Գրիգորյանի «Զարթոնք» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում է հայկական գաղթը և հայրենիք վերադառնալու մեծ երազանքը:
Ներկաներն ունկնդրել են Հայոց ցեղասպանության խորհրդանիշներից մեկը հանդիսացող «Դլե յաման» ստեղծագործությունը, որը կատարել է դուդուկահար Վահե Դեր Հովակիմյանը:
Նանջինգի արվեստի համալսարանի մեծ համերգասրահում դաշնակահար Միքայել Հայրապետյանը հանդիսատեսին է ներկայացրել է «Հայաստանի գաղտնիքները» դաշնամուրային համերգային ծրագիրը, որը ներկայացնում է հայ կոմպոզիտորների դասական երաժշտության ստեղծագործությունները:
Համերգից հետո ցուցադրվել է Միքայել Հակոբյանի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Գետը հոսում է կարմիր» ֆիլմը: Ապա Չինաստանի հայկական համայնքի անդամները ներկայացրել են իրենց նախնիների՝ ցեղասպանության մասին պատմած տեղեկությունները՝ հաստատելով, որ հիշում են և պահանջում:
Միջոցառումներին մասնակցել են Գուանջոում, Շենժենում, Հոնկոնգում, Նանջինգում, Պեկինում, Շանհայում, Սուջոյում, Տիանճինում, Սիանում, Ֆոշանում բնակվող հայերը: Միջոցառումները կարևորվում են նրանով, որ դրանց մասնակցել են հարյուրավոր չինացիներ և այլազգիներ, ովքեր ստացել են Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվություն, ծանոթացել հայկական արվեստին:
Շանհայի կենտրոնում ևս անցկացվել է Հայոց ցեղասպանության հիշատակման երեկո, որն ավարտվել է ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպված մոմավառությամբ: