Հիշում եմ և պահանջում 

Իռլանդիայի եկեղեցին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի Թենիի եկեղեցում կիրակի կեսօրին պատարագ է մատուցվել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:



Ինչպես նշում է asbarez.com-ը, բացի Հայ առաքելական եկեղեցու անդամներից, պատարագին մասնակցել են նաև քրիստոնեական տարբեր ուղղությունների` Իռլանդիայի, Հռոմի կաթոլիկ, Հունական ուղղափառ, Բողոքական, Մեթոդիստների եկեղեցիների, «Փրկության բանակի», ինչպես նաև հրեական համայնքի ներկայացուցիչները:



Աղբյուրը մանրամասնում է, որ պատարագի ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչեր են արվել իռլանդացի հոգևորականների կողմից: Թենիի քահանայապետ Ռոբերտ Ուորենը նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայ առաքելական եկեղեցու անդամներին: Բացի այդ, իռլանդացի հոգևորականներն իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին` հույս հայտնելով, որ աշխարհը, վերջիվերջո, որպես ցեղասպանություն կճանաչի 1915թ. դեպքերը:



Նշվում է, որ պատարագի ընթացքում հայկական ծխական համայնքի ներկայացուցիչներն ընթերցել են պոեմներ, երգել երգեր ու պատմել Ցեղասպանությանը զոհ գնացած, ինչպես նաև դրանից մազապուրծ եղած իրենց հարազատների պատմություները: Խորհրդանշական է նաև, որ պատարագի ընթացքում եկեղեցում վառվել է 100 հատ մոմ` խորհրդանշելով Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Նույն շարքից