Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագծի տեքստը ուղարկվել է հանձնաժողովներին՝ հետագա քննարկման համար, գրում է NEWS.am-ը:
Հայտարարությունը պետք է անցնի հանձնաժողովներով և բանաձևի տեսքով դրվի Բունդեսթագի հաստատմանը։ Գերմանիայի խորհրդարանը մինչև ամառային արձակուրդները պետք է հաստատի բանաձևի տեքստը, տեղեկացնում է Բունդեսթագի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Բունդեսթագի 101-րդ նիստը մեկնարկել էր Հայոց ցեղասպանության մասին որոշման քննարկումով։ Բանաձևի նախագծեր էին ներկայացրել ինչպես իշխող կոալիցիայի՝ Քրիստոնյա-դեմոկրատական միություն ու Քրիստոնյա-սոցիալիստական միություն խմբակցությունները, այնպես էլ Գերմանիայի սոցիալիստական կուսակցության, Ձախերի ու Կանաչների ներկայացուցիչները։
Մեկ ժամից ավել տևած քննարկումների ժամանակ ելույթ են ունեցել բոլոր այդ խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք բոլորն էլ իրենց ելույթներում օգտագործել էին «ցեղասպանություն» բառը։
Նշենք, որ իշխող կոալիցիայի բանաձևի նախագծում Ցեղասպանություն բառը հիշատակվում է միայն հպանցիկ և բացակայում է վերնագրից։ Փոքրամասնություն կազմող Ձախերի և Կանաչների բանաձևի նախագծում Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը առաջնային պլանում է: