Հիշում եմ և պահանջում 

Վլադիմիր Պուտինը մի փոքր երկար մնաց այն տաղավարում, որտեղ ներկայացված է 1915 թվականի մայիսի հռչակագիրը. թանգարանի փոխտնօրեն

Թուրք լրագրողները հուզվել են` Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում տեսնելով Ցեղասպանության ժամանակների հայ որբերի լուսանկարները, հինգշաբթի լրագրողներին հայտնեց թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։



Մանուկյանի խոսքով, երբեմն թուրք լրագրողներն ագրեսիվ են տրամադրված լինում, բայց թանգարանի վերջին այցելությունից հետո նրանց գրած հոդվածներն  համարժեք էին։


 


«Ապրիլի 24–ի առավոտյան մեզ այցելեցին միանգամից չորս պետությունների ղեկավարներ (Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահներ), այդպիսի բան չի եղել թանգարանի պատմության մեջ։ Նրանք տպավորված էին»,– ասաց թանգարանի փոխտնօրենը։

 


«Այսպես, օրինակ, Վլադիմիր Պուտինը մի փոքր երկար մնաց այն տաղավարում, որտեղ ներկայացված է 1915 թվականի մայիսի հռչակագիրը, որում առաջին անգամ դիվանագիտության պատմության մեջ օգտագործվել է «մարդկայնության դեմ հանցագործություն» հասկացությունը»։ Ֆրանսիայի նախագահին հետաքրքրել է ցուցադրության Մուսա լեռան հատվածը, ֆրանսիական նավով մուսալեռցի հայերի փրկության պատմությունը։ Կիպրոսի նախագահն ուշադրություն է դարձրել Իզմիրի կոտորածին, իսկ Սերբիայի նախագահին հետաքրքրել է Մակեդոնիայում ջարդերի թեման, որն անմիջական կապ ունի սերբական պատմության հետ»,– ավելացրեց նա։



Խոսելով թանգարան–ինստիտուտի առաջիկա ծրագրերի մասին` Մանուկյանը նշեց, որ մայիսի 8–ին Վաշինգտոնում բացվում է խոշոր ցուցահանդես, իսկ ամսվա վերջին ևս մեկ ցուցահանդես կանցկացվի Նյու Յորքի Հոլոքոստի թանգարանում, որտեղ հայկական ցուցադրությունը ներկայացված կլինի առանձին տաղավարով։

Նույն շարքից