Հիշում եմ և պահանջում 

Ռումինիայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Ռումինիայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Բակաու քաղաքում միջոցառումներն սկսվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովով, Կլուժ-Նապոկայի Բաբեշ-Բոյայ համալսարանի Հայագիտության ինստիտուտի գիտաշխատողների և պատմաբանների մասնակցությամբ:

 


Ապրիլի 21-ին Մանկավարժական կենտրոնում Ցեղասպանության թեմայով բաց դասախոսություն է վարել պրոֆեսոր Դումիտրու Ֆիկուցան,Ռումինիայի գրողների միության անդամ Միրչեա Բոստանը հատվածներ է ընթերցել հայ դասականների գործերից և Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքից, որին հետևել է ռեժիսոր Ֆլորին Գևորգյանի և Իզաբելա Բոստանի “The Armenian Genocide”  և ‘’Recunoaște 1915” ֆիլմերի ցուցադրությունները:

 


Ապրիլի 23-ին միջոցառումների շարքը շարունակվել է «Ցավի գույները» խորագրով գրաֆիկական նկարների ցուցահանդեսի բացմամբ: Բակաուի և Պիատրա Նեամց քաղաքների դպրոցների 11-18 տարեկան սաները երկու ամիս շարունակ պատրաստել են Հայոց ցեղասպանությանը նվիրված թեմատիկ նկարներ: Պատանի նկարիչներն իրենց աշխատանքները նվիրել են Ռումինիայի Հայոց միության Բակաուի մասնաճյուղին:

 


Ապրիլի 25-ին միջոցառումները եզրափակվել են Բակաուի Աթենեուլ դահլիճում Միհայ Ժորա ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որի ընթացքում հնչել են հատվածներ Արամ Խաչատրյանի Գայանե և Սպարտակ բալետներից, Ալեքսանդր Հարությունյանի  Կոնցերտ շեփորի և նվագախմբի համար ստեղծագործությունը ջութակահարուհի Ալեքսանդրա Օնոֆրեյի կատարմամբ:

Համերգը եզրափակվել է Ռումինիայի հայոց միության Բակաուի մասնաճյուղի նախագահ Վասիլե Հակոբի, գրող Վարդան Առաքելյանի և Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի ելույթներով:

 


Դիլիջանի հետ եղբայրացած Ռոման քաղաքում ապրիլի 21-24-ին կազմակերպվ ել էր Հայերի դեմ ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման շաբաթ, որին մասնակցել են նաև տեղական իշխանությունները` Ռոմանի քաղաքապետ Լաուրենտիու Դան Լեորեանուն, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ, տեղի հունական, հրեական, ռուս-լիպովենական համայնքների առաջնորդները:

 


Ռոմանի Ֆրանցիսկյան ինստիտուտի մեծ դահլիճում տեղի է ունեցել գիտաժողով նվիրված Հայոց ցեղասպանությանը: Սիմպոզիումի ընթացքում ելույթով հանդես են եկել քաղաքապետ Լաուրենտիու Լեորեանուն, գրող Վարդան Առաքելյանը, մարզային կրթական հաստատությունների ռեկտորներ և դասախոսներ:

 

Միջոցառումները կազմակերպվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տեղական հանձնաժողովի ծրագրի շրջանակներում, Բակաուի և Ռոմանի ՌՀՄ մասնաճյուղերի կողմից` նախագահներ Վասիլե Հակոբի և Էմանուել Նազարեթյանի ղեկավարությամբ:

Նույն շարքից