Հիշում եմ և պահանջում 

Իսպանիայի Մանիսես քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Վալենսիայի մարզի Մանիսես քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացրել է Վալենսիայի Արարատ Հայկական Միությունը:

 


Կայքի տեղեկացմամբ՝ Արարատ Հայկական Միության ներկայացրած դիմումի հիման վրա Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու՝ Ձախ Միության կողմից կազմված բանաձևը քննարկվել է Մանիսեսի քաղաքային խորհրդում: Բանաձևը ներկայացրել է Ձախ Միության (Izquierda Unida) խոսնակ Մանուել Գուտիեռես Լիեբանան (Manuel Gutierrez Liebana), ով մասնավորապես նշել է, որ հենց հայերի զանգվածային ջարդերից է միջազգային բառարանում առաջացել Ցեղասպանություն (գենոցիդ) տերմինը՝ շնորհիվ լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինի: Նա նաև նշել է, որ չափազանց կարևոր է, որ Իսպանիան ճանաչի Ցեղասպանությունը՝ այդպիսով կանխելով այլ վայրագություններ, որոնք տեղի են ունենում ներկայումս աշխարհի տարբեր մասերում:

 


Ելույթ են ունեցել նաև Կոմպրոմիս, Սոցիալիստական և իշխող Ժողովրդական կուսակցությունների խոսնակները, ովքեր դատապարտել են Օսմանյան Թուրքիայի իրականացրած հանցանքը մարդկության դեմ և ներկայիս Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Բանաձևը միաձայն ընդունվել է քաղաքային խորհրդի կողմից՝ միաժամանակ կոչ հղելով Վալենսիայի և Իսպանիայի կառավարություններին  հետևել իրենց քայլին:

 


Արարատ Հայկական Միության նախագահ Արարատ Ղուկասյանն իր և ողջ հայության անունից շնորհակալություն է հայտնել բոլոր չորս կուսակցություններին և, հատկապես, Ձախ Միությանը, որը մշտապես հետևողական է հայության արդար պահանջին:

Արարատ Ղուկասյանը, ի նշան երախտագիտության, Ձախ Միության խոսնակ Մանուել Գուտիեռեսին նվիրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի կրծքանշանը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը Իսպանիայում պաշտոնապես ճանաչվել նաև մի շարք այլ քաղաքների՝ Միսլատայի, Բուրխասոտի, Բետերայի,Սան Սեբաստիանի, Չիրիվեյայի, Պինտոյի քաղաքային խորհուրդների կողմից:

 


2015 թ. ապրիլի 17-ին Բասկերի խորհրդարանը դատապարտել է Հայոց «սարսափելի» ցեղասպանությունը և Թուրքիայից պահանջել ճանաչել այն, ինչպես նաև կոչ է արել «հաշտություն հաստատել երկու երկրի միջև` ընդհանուր պատմության հիմքով»: Խորհրդարանը կոչ է արել «թափանցիկ և անկեղծ երկխոսության» սկսել թուրքերի և հայերի միջև «միասնական ապագա կառուցելու համար, որը թույլ կտա փակել պատմության այս ողբերգական գլուխը», ինչի համար կարևոր է հասկանալը, ճանաչումն ու արդարությունը:

 



2014-ի հունիսին Իսպանիայի ինքնավար Նավարա տարածաշրջանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նավարայի խորհրդարանի ընդունած հռչակագիրը դատապարտում է թուրքական ռեժիմի քաղաքականությունն ու կոչ է անում Թուրքիային դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ ներդաշնակ բարիդրացիության ոգով և խաղաղ ճանապարհով լուծել սահմանի հարցը: Փաստաթղթում նաև ասվում է, որ հաշվի առնելով Թուրքիայի կարգավիճակը որպես ԵՄ անդամակցության թեկնածու, այս երկու հարցը անհապաղ լուծման կարիք ունի:

 


Ցեղասպանության փաստը ճանաչել են նաև Կատալոնիան ու Բալեարյան կղզիները:


Նույն շարքից