Մայիսի 3-ի երեկոյան Մոնրեալի հազարավոր բնակիչներ դուրս էին եկել քաղաք 3 կիլոմետր քայլերթով հիշատակելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Montreal gazette հաղորդմամբ, կազմակերպիչների հաշվարկով, երթին մասնակցել է շուրջ 10.000 մարդ:
Քայլերթի մասնակիցները հիշատակում էին ոչ միայն հայերին, այլև Ռուանդայի, հրեաների և այլ ցեղասպանությունների զոհերին, ինչպես նաև կոչ էին անում վերջ տալ աշխարհով մեկ տեղի ունեցող ցեղասպանություններին: Նրանք նաև պահանջում էին Թուրքիայի կառավարությունից ճանաչել տեղի ունեցած Ցեղասպանությունը:
Մասնակիցների մեծ մասը Մոնրեալի հայ համայնքի ներկայացուցիչներ էին, հարյուրավոր մասնակիցներ կրում էին «Հիշում եմ և պահանջում» գրությամբ վերնաշապիկներ:
«100 տարի է անցել և սա 20-րդ դարի միակ ցեղասպանությունն է, որը չի ճանաչվել իր հանցագործների կողմից: Դա մարդկանց համակարգված ոչնչացում էր: Մենք դա երբեք չենք մոռանա», – ասել է հայազգի Էդվարդ Հակոբյանը:
Մասնակիցների թվում էին նաև Մոնրելաի քաղաքապետ Դենիս Կոդերեն, Դաշնային լիբերալ առաջնորդ Ջասթին Թրիդոյը և քաղաքի խորհրդի մի շարք անդամներ: Նրանց թվում էր նաև քաղաքի գործադիր խորհրդի փոխնախագահ Հարութ Չիթիլյանը, որը Հայոց ցեղասպանության փրկվածների ժառանգ է:«Նախնիներիս տեղահանել էին իրենց պատմական բնակավայրերից: Այստեղի տունը մեզ նվիրաբերել էին: Կարծում եմ՝ ընթացքն ինքնին երկարատև է, սակայն խորապես հավատում եմ, որ կգա մի օր և հանցագործները կճանաչեն այն, որովհետև դա միակ միջոցն է փակելու այդ չափազանց մութ պատմության էջը», – ասել է Չիթիլյանը:
1.5 մլն զոհերի հիշատակը հարգող նմանատիպ քայլերթեր են տեղի ունեցել նաև Տորոնտոյում և Օտտավայում: