Հիշում եմ և պահանջում 

«Արմեն որբանոց». Հայ մանուկների խլված տունն ու հիշողությունները

analitik.am

«Ասում են` մարդիկ իրենց գրպանում իրենց մանկությունն են պահում: Իմ գրպանի մանկությունը այս ճամբարն է. Մենք այս տեղը հետ ենք ուզում»,-Կարո, Թուզլայի հայկական ճամբարի նախկին սան:

 

 

«ՔամփԱրմեն» անունով հայտնի հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող, երեկ լքված, այսօր արդեն կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին մի մեծ ընտանիքի տուն է եղել: Այն եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 5.552 քմ տարածք ունեցող «ՔամփԱրմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար:



 

Այստեղ իրենց ամառն են անցկացրել շուրջ 1500 Կարոներ, Զաքարներ, Հրանտներ, Ռաքելներ, Լևոններ: Ճամբարը կառուցվել է հենց այս երեխաների ձեռքով: 6-7 տարեկան երեխաները հող են կրել ու պատ ներկել: Նրանց քրտինքով քար է դրվել քարի վրա, այգի է տնկվել ու ծառ է ջրվել: Կյանքի նվազագույն ուրախություններից զրկված 1500 երեխա այս ճամբարում գտել են մեծ ու ջերմ ընտանիք: Իրենց ձեռքով տուն կառուցել, սովորել իրենց մայրենի լեզուն, ու ճամբարի պատերի ներսում թողել իրենց մանկության լավագույն հիշողությունները:



 

Ու այսպես շուրջ մեկ տասնյակ տարի մինչև որ ճամբարը ապօրինի ճանապարհով խլվել է հայկական հիմնադրամի ձեռքից: Ճամբարի բռնազավթման պատմությունը բավականին երկար է ու խրթին: Պատմությունը լի է բազմաթիվ անտրամաբանական որոշումներով, ազգային փորքմասնությունների իրավունքների խախտումներով, դատական անարդյունք գործընթացներով:



Մինչ ճամբարի նախկին սաները պայքարում էին իրենց մանկության տունը հետ ստանալու  համար, վերոնշյալ պատմությունը համալրվեց ևս մեկ տխրահռչակ իրադարձությամբ: Լուրեր տարածվեցին այն մասին, որ ճամբարը պատրաստվում են քանդել ու դրա տեղում շքեղ վիլլա կառուցել: Իսկ նախօրեին շինարարական մեքենաները մտան ճամբար ու սկսեցին հողին հավասարեցնել այն: Որոշ սրտացավ մարդկանց ջանքերով ճամբարի ոչնչացումը կանգնեցվեց, ժամանակավորապես կանգնեցվեց:



 

Այս պատմության ավարտը ինչ կլինի, դժվարանում եմ ասել: Բայց վերջին շրջանում ճամբարի շուրջ ծավալված զարգացումների վերաբերյալ հնչող «Ինչու՞, ինչպե՞ս, երբ՞, ու՞մ  որոշմամբ, ի՞նչ հիմնավորմամբ» և այլ հարցերին կցանկանամ ավելացնել իմ հարցը. «Ինչ խղճով եք Կարոյի գրպանից գողանում ու քանդում իր մանկությունը»:

 

Աստղիկ Իգիթյան

Ermenihaber.am

Նույն շարքից