Հիշում եմ և պահանջում 

Տաճարական ասպետ-մասոնականները Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագիր են ստորագրել

analitik.am

Տաճարական Ասպետների (Տամպլիերների) միաբանության գերագույն առաջնորդարանների կողմից այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հուշագիր ստորագրվեց, որով ընդգծվեց, որ Տաճարականների միաբանությունն ընդունում է Հայոց ցեղասպանությունը:



Մինչ հուշագրի ընդունումը տաճարական ասպետները ծաղիկներ և ծաղկեպսակ դրեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:



Տաճարական միաբանության (Տամպլիերներ) Հայաստանի գերագույն արարողապետ Միքայել Մադաթյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայոց տաճարական ասպետները կաթոլիկ եկեղեցուց հրավեր են ստացել, և իրենց պատվիրակությունը վերջերս Հռոմում մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված պատարագին:



«Մենք հպարտ ենք նաև նրանով, որ օրհնություն ենք ստացել Հայոց վեհափառից: Այսօր մեր միաբանության նպատակներն են աջակցել հայոց պետականությանը, քրիստոնյա հավատքին, Կիլիկայի թագավորության ավանդույթների վերականգնմանը: Աշխարհի 10 երկրներից 30-ից ավելի ասպետներ ենք հրավիրել, նամակներ ենք ստացել ևս 10 երկրից, մեր եղբայրներն ու քույրերն այսօր այցելել են Հայաստան, որպեսզի իրենց հարգանքի տուրքը մատուցեն անմեղ զոհերին»,-ասաց Միքայել Մադաթյանը՝ հավելելով, թե իրենց ուժերի ներածին չափով կաջակցեն, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի և դատապարտվի ամբողջ աշխարհի կողմից:



«Կոչ ենք անում այն պետություններին, որոնք առ այսօր չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, համարձակություն և ազնվություն ունենալ անելու դա, քանզի մարդկության պատմությունը գիտի բազմաթիվ դեպքեր, երբ հանցագործությունների և դրանք իրագործողների նկատմամբ դատապարտման և պատժի բացակայությունը հանգեցնում են նորանոր, շատ անգամ՝ ավելի դաժան եղեռնագործությունների, որոնց մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել հենց մեր օրերում»,-նշված է հուշագրում:

Նույն շարքից