Տնտեսություն 

«Honeywell»-ը ակտիվացնում է իր գործունեությունը ՀՀ-ում

Փետրվարի 17-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է կառավարման եւ ավտոմատացման էլեկտրոնային համակարգերի մշակման ոլորտում մասնագիտացված ամերիկյան «Honeywell» ընկերության ներկայացուցիչների հետ:


Ողջունելով հյուրերին` էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանի տնտեսական զարգացման քաղաքականությունը հենվում է գիտելիքի ու նորարարության վրա, եւ իր կողմից ողջունելի է այս ոլորտի հնարավոր համագործակցությունը ընկերության հետ:


«Honeywell» ընկերության փոխնախագահ Արթուր Սիմոնետտին ասել է, որ ընկերության կողմից առաջարկվող նորարարական լուծումները ներկայումս լայնորեն կիրառվում են տնտեսության տարբեր բնագավառներում, մասնավորապես, էներգետիկայի, բնապահպանության, առողջապահության, պաշտպանության, տիեզերական, քիմիական արդյունաբերության, ավիացիայի, տրանսպորտի եւ այլ ոլորտներում:


Նա նաեւ նշել է, որ «Honeywell» ընկերությունը ձգտում է ակտիվացնել իր գործունեությունը Հայաստանում, եւ այդ նպատակով որպես առաջին քայլ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ ընկերության միջեւ ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն «Honeywell»-ը անհատույց նվիրում է 100 ակադեմիական լիցենզավորված ծրագիր։


Ծրագրերից օգտվողները կարող են հեշտությամբ յուրացնել եւ փոխանցել տեխնոլոգիական գործընթացի գիտելիքները, ինչպես նաեւ այդ ծրագրերի շնորհիվ ուսանողները կարող են ձեռք բերել «Honeywell»-ի չափանիշներին ու պահանջներին համապատասխան գիտելիքներ եւ հետագայում աշխատել ընկերության հետազոտական կենտրոններում։


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հնարավոր համագործակցության նոր ծրագրերը` մասնավորապես էներգախնայողության, ինովացիոն քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Նույն շարքից