Այն գործատուները, որոնք ունեն մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` կուտակային բաղադրիչի մասնակից հանդիսացող աշխատողներ, մինչեւ փետրվարի 20-ը պետք է հունվար ամսվա համար 3000 դրամ սոցիալական վճար փոխանցեն գանձապետական կամուրջ հաշվին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿՀԻԿ հիմնադրամը:
«Ինչպես հայտնի է, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից մեկը վերաբերում է մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց համար ամսական 8000 դրամ կուտակային հատկացում կատարելու պահանջին։ Ընդ որում՝ 3000 դրամը կատարում է գործատուն, իսկ 5000 դրամը մասնակցի օգտին փոխանցվում է պետական բյուջեից։
Այս դրույթն ուժի մեջ է մտել 2015 թվականից, եւ արդեն հունվար ամսից սկսած՝ հատկացումները պետք է կատարվեն սոցիալական վճարի եւ եկամտային հարկի հաշվարկման եւ փոխանցման համար սահմանված ժամկետներում՝ մինչեւ հաջորդ ամսվա 20-ը։
Անձանվորված հաշվետվությունների համակարգում հաշվարկի մեջ համապատասխան դաշտը հասանելի կլինի մարտ ամսին, ուստի, այս ամիս տույժերից խուսափելու նպատակով, կոչ ենք անում գործատուներին` կատարել փոխանցումը, իսկ հաշվարկի ձեւում համապատասխան դաշտի հայտնվելուց հետո` ներկայացնել ճշտված հաշվետվություններ:
Պարզաբանումների համար քաղաքացիները կարող են դիմել 114 անվճար թեժ գծին»,-ասված է հաղորդագրության մեջ: