ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) 2015թ. համար կանխատեսում է 0,4-2% տնտեսական աճ՝ պայմանավորված արտահանելի հատվածի աշխուժացմամբ:
ԿԲ կանխատեսումների համաձայն՝ 2015թ. ընթացքում 12-ամսյա գնաճը թեեւ կտատանվի հիմնականում 4±1,5% տոկոսային կետ թույլատրելի միջակայքի վերին հատվածում, տարեվերջին կմոտենա նպատակային ցուցանիշին՝ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կայունանալով դրա շուրջ:
ՀՀ կառավարությունը 2015թ. բյուջեի հիմքում դրել է տնտեսական աճի 4,1% կանխատեսումը:
«Ելնելով մինչեւ փետրվարի 10-ն առկա տեղեկատվության հիման վրա իրականացված կանխատեսումներից՝ ԿԲ-ն առաջին եռամսյակում կշարունակի նվազեցնել ԿԲ լոմբարդային ռեպո տոկոսադրույքը (ներկայում՝ 14,5%)՝ նպատակ ունենալով նվազեցնել շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքները: Այս պարագայում ԿԲ-ն տարեսկզբից բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը (ներկայում` 10,5%), այսպիսով, շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքները մոտեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ինչը կնպաստի ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացման ամրապնդմանը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում: