Հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2016թ.–ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը վաճառվելու են ապրիլի 29-ից, հայտնում է ՀՖՖ–ի մամուլի ծառայությունը։
«Տոմսերը կարելի է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ գտնվող «Հյումել» խանութից», – նշված է հաղորդագրության մեջ։ Գները տատանվում են 4000–10000 դրամի սահմանում։
Վաճառքում են լինելու միայն հատուկ Բար-կոդերով տոմսեր: Տոմսի վրա նաև նշվելու է «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ տեղադրված պտտադռների համարը: Մարզադաշտ պետք է գալ խաղից երկու ժամ առաջ` անցանկալի խցանումներից և կուտակումներից խուսափելու համար:
Հայաստանի հավաքականը, որը վաստակել է մեկ միավոր, Սերբիայի հավաքականի հետ վերջին տեղն է զբաղեցնում Եվրոպայի առաջնության ընտրական խմբում։ Սակայն հայ ֆուտբոլիստներն անցկացրել են չորս խաղ, այսինքն` մեկ խաղ ավելի, քան սերբերը։
Խմբում 4 հանդիպումից հետո վաստակած 9 միավորով առաջատարի դիրքում է Պորտուգալիայի հավաքականը, ութական միավոր են վաստակել Ալբանիայի (երեք խաղ) և Դանիայի (չորս խաղ) հավաքականները։