«Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը վստահվել է Վարուժան Սուքիասյանին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Ընթացիկ մրցաշրջանը «Արարատը» սկսել է Դուշան Միյիչի գլխավորությամբ, այնուհետեւ նրան փոխարինել է Սամվել Դարբինյանը, ձմեռային նախապատրաստական շրջանում թիմը ղեկավարել է Սուրեն Չախալյանը, ով վերջերս հրաժարական է տվել եւ վերադարձել «Ուլիս»:
«Արարատի» հայտարարությունը կարող եք կարդալ ստորեւ.
«Հայկական ֆուտբոլի ամենափորձառու մասնագետներից մեկը` Վարուժան Սուքիասյանը գլխավորեց «Արարատը» և այսօր առաջին մարզումն անցկացրեց մեր թիմի հետ:
Սուքիասյանը հանդիսանում էր «Արարատի» գլխավոր մարզիչը նաև 2006-2008 թթ. ընկած ժամանակահատվածում: Նրա գլխավորությամբ մեր թիմը դարձավ 2008 թ. ՀՀ Գավաթակիր և առաջնության արծաթե մեդալակիր:
Տարբեր տարիներին 58-ամյա մասնագետը գլխավորել է ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականները, Բեյրութի «Հոմենմենը», ինչպես նաև` «Լոռին», «Բանանցը», «Վանը», «Կոտայքը», «Ցեմենտը», «Արաքսը», «Սպարտակը» և «Իմպուլսը»:
«Բանանցի» հետ Սուքիասյանը նվաճել է ՀՀ Գավաթը, առաջնության արծաթե և բրոնզե մեդալները, «Ցեմենտի» հետ երկու անգամ հաղթել է Գավաթի խաղարկությունում, մեկական անգամ նվաճել է առաջնության ոսկե և բրոնզե մեդալները: «Արաքսը» փորձառու մարզչի օրոք նույնպես նվաճել է չեմպիոնական տիտղոսը:
Հուսով ենք, որ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ «Արարատը» կրկին կբռնի վերելքի ուղին և կպայքարի բարձր նպատակների իրագործման համար: Բարի վերադա՛րձ, Գարսևանիչ»: