Գյումրի քաղաքի «Գալա» հեռուստաընկերության եթերում, ինչպես նաև հեռուստաընկերության կայքում 2015 թվականի փետրվարի 24-ին «Լենինականցին չոքող չէ իշխանության դեմ» վերնագրով ռեպորտաժում տեղ են գտել մի շարք անճշտություններ, ինչի արդյունքում հանրությանը սխալ տեղեկատվություն է մատուցվել։
Մասնավորապես՝ նշվում է, որ Գյումրի քաղաքում հաշվառված տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման համար գանձվում է պետական տուրք ամսական 12 հազար դրամի չափով:
Մինչդեռ հունվարի 6-ից գործող մարդատար-տաքսի ավոտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումը կանոնակարգող «Լիցենզավորման մասին» ՀՀ նոր օրենքով սահմանվել է պետական տուրքի վճարումների տարբերակված մոտեցում, համաձայն որի՝ 12 հազար դրամ ամսական տուրքի չափը վերաբերում է միայն Երևան քաղաքում տաքսի ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց: Իսկ ՀՀ այլ քաղաքներում, այդ թվում նաև Գյումրիում սահմանված են տուրքի հետևյալ չափերը.
• ամսական՝ բազային տուրքի ութապատիկի չափով (8000 դրամ),
• եռամսյակային՝ բազային տուրքի քսաներեքապատիկի չափով (23000 դրամ),
• տարեկան բազային տուրքի ութսունապատիկի չափով (80000 դրամ)
Բացի այդ, լրագրողի այն սխալ պնդմանը, թե նոր օրենքով պարտադրվում է, որ «վարորդները հանրապետության ամենահեռավոր մարզերից պետք է հասնեն Երևան հաշվիչները ստուգաչափելու», տեղեկացնում ենք, որ Գյումրի քաղաքում, Շիրակացու փողոցի 68 հասցեում գործում է «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնաճյուղը, որտեղ կարելի է իրականացնել հաշվիչների ստուգաչափում: Ընկերության մասնաճյուղերը գործում են նաև Վանաձոր, Կապան և Գավառ քաղաքներում: Հաշվիչների ստուգաչափման արժեքը կազմում է 2400 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Հավելենք, որ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն պատրաստ է մասնաճյուղեր բացել նաև այլ մարզկենտրոններում՝ ըստ անհրաժեշտության:
Ակնկալում ենք «Գալա» հեռուստաընկերության հետ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գործունեությանը վերաբերող թեմաների համակողմանի լուսաբանում և արդյունավետ համագործակցություն: