Տնտեսություն 

Բանկերի կապիտալի նվազագույն շեմի բարձրացումն ուղղված չէ որեւէ բանկի փակմանը. ԿԲ

analitik.am

Առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման նպատակն է երկարաժամկետ հատվածում Հայաստանի բանկային համակարգի հուսալիության պահպանումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Կենտրոնական բանկը:

Հայաստանի ԿԲ հաղորդագրությունում ասվում է.









«Վերջին շրջանում, ընդհանրական դատողություններ անելով ու ամբողջական տեղեկատվությանը չտիրապետելու արդյունքում, տարբեր մեկնաբանություններ են հնչում ՀՀ կենտրոնական բանկի կողմից առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման որոշման վերաբերյալ: Իսկ որոշ դեպքերում իրավիճակը շահարկվում է միտումնավոր` զանազան ֆինանսական տերմիններով համեմված «մեկնաբանություններով» փորձելով անհարկի անհանգստություն հաղորդել քաղաքացիներին: Հատկապես անթույլատրելի է բանկերի անունների շահարկումը` այդ բանկերին թվացյալ պաշտպանելու նպատակով:


Առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման նպատակն է երկարաժամկետ հատվածում Հայաստանի բանկային համակարգի հուսալիության պահպանումը, երկարաժամկետ հատվածում կայունության երաշխիքների ապահովումը եւ ֆինանսական միջնորդության խորացումն է: Այն ուղղված չէ որեւէ բանկի փակմանը, կամ բանկերի քանակի նվազեցմանը:




Որոշումը ՀՀ կենտրոնական բանկի երկարաժամկետ քաղաքականության շարունակականությունն է, եւ արդեն 2 տարի շարունակ այս հարցը պարբերաբար քննարկվել է առեւտրային բանկերի սեփականատերերի եւ ղեկավարների հետ: Վերջիններս պատրաստակամություն են ցուցաբերել եւ արդեն սկսել են աշխատանքներն այս ուղղությամբ:



Կենտրոնական բանկը գործող բոլոր 21 բանկերի հետ կապված որեւէ մտահոգություն չունի: Հայաստանի բանկային համակարգը կայուն է եւ համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Ուստի բանկերի հաճախորդները մտահոգվելու կարիք չունեն եւ բացի իրենց բանկային ծառայությունների բարելավումից, այլ բան պետք չէ ակնկալեն»:

Նույն շարքից