Նախօրեին Չինաստանում Յանցզի գետում խորտակված «Արևելյան աստղ» նավի ուղևորների փրկության գործողությանը մասնակցում են հազարից ավելի փրկարարներ և 54 նավ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Փրկարարները հայտնում են, որ նավի միջից ձայներ են լսվում: Որոշ տվյալներով՝ արդեն փրկվել է 10-ից մինչև 20 մարդ: Գետի խորությունը նավաբեկության վայրում 15 մետր է:
Հիշեցնենք, որ նավը խորտակվել է Հուբեյ շրջանում տեղի ժամանակով մոտ 21:28-ին: Այն Նանկինից ուղևորվում էր Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Չունցին: ԶԼՄ-ների տվյալներով՝ նավի վրա եղել է 405 ուղևոր՝ Չինաստանի քաղաքացի, անձնակազմի 47 անդամ և զբոսաշրջային գործակալությունների 5 աշխատակից: Նավապետը և գլխավոր ինժեները հայտնել են, որ նավաբեկությունից առաջ նավը հայտնվել է ցիկլոնային գոտում:
Փրկարարական աշխատանքները դժվարացնում են ուժեղ քամին և հորդառատ անձրևը: Դեպքի վայր է ուղևորվել երկրի վարչապետ Լի Կեցյանը: