Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները այսօր իրականացրեցին բողոքի ակցիա՝ ընդդեմ էլերկտրաէներգիայի սակագնի թանկացման:
Նրանք նախ Կառավարությանը ներկայացրեցին իրենց նամակ-պահանջագիրը, ապա երթով շարժվեցին դեպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և այնտեղ ևս ներկայացրեցին այն:
Երթի մասնակիցները բոլորին կոչ էին անում՝ դուրս գալ իրենց բնակարաններից և միանալ պայքարին, քանի որ սա բոլորի խնդիրն և արդյունքը զգալու են բոլորը։
Խոսելով հետագա ծրագրերից՝ Մեսրոպ Եսայանն ասաց, որ կառավարությանը տվել են 3-4 աշխատանքային օր՝ ուսումնասիրելու և պատասխան ներկայացնելու, իսկ իրենց պահանջին ականջալուր չլինելու՝ դեպքում, հանրային ճնշում են իրականացնելու, որն իրենից ենթադրելու է փողոցներում պայքար։ «Հետագայում նախատեսել ենք ավելի ընդլայնել մեր բողոքների աշխարհագրությունը։ Մեզ համար կարևորը նպատակն է, սա ընդամենը առաջին մեսիջն է կառավարությանը»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է երթի մասնակիցների քանակին, Մեսրոպ Եսայանն ասաց, որ դեռ նոր են սկսել պայքարը և հետագայում նախատեսում են մասշտաբները ընդլայնել։ «Մենք պատրաստվում ենք այս հարցով մտահոգ բոլոր շահագրգիռ ուժերի հետ համագործակցել»,-ասաց նա։
Աղբյուրը՝ 1in.am