Տնտեսություն 

Չինաստանն իր միջազգային վճարային համակարգը կգործարկի այս տարի

analitik.am

Չինաստանը պատրաստ է սեփական միջազգային վճարային համակարգի ստեղծմանը: Նոր համակարգը ոչ միայն կամրապնդի յուանի դերը միջազգային ֆինանսական շուկաներում, այլ նաև կթուլացնի ամերիկյան վճարային համակարգերից կախվածության աստիճանը, ինչը մեծապես կարող է խանգարել Չինաստանին ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտի դեպքում:

 

 

 

Reuters գործակալությունը հայտնում է՝ հղում անելով Չինաստանի երեք անհայտ աղբյուրներին, որ չինական Միջազգային վճարային համակարգի  (CIPS)  գործարկումը նախատեսված է սկսել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:  CIPS-ը կփոխարինի ներկայումս գոյություն ունեցող վճարային համակարգերին և մեծապես կհեշտացնի ամբողջ աշխարհում յուանով վճարումներ կատարելու գործընթացը: Մասնագետները պնդում են, որ նոր վճարային համակարգը կնպաստի, որպեսզի յուանը դառնա կշիռ ունեցող արժույթ համաշխարհային ֆինանսական շուկայում:


 

«CIPS -ն արդեն պատրաստ է,- հայտնում է բարձրաստիճան չինացի բանկիրը, ով չի ցանկացել հայտնել իր անունը -, այն փորձարկվելու է   20 բանկերում, որոնք արդեն ընտրված են: 13 -ը չինական բանկեր են,  7 -ը՝ արտասահմանյան խոշոր բանկերի մասնաճյուղեր: Պաշտոնական գործարկումը կլինի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ամսաթիվը կախված է փորձարկումների արդյունքներից»,- եզրափակել է բանկիրը:

 

Եթե փորձարկումները չընթանան այնպես, ինչպես նախատեսում է Չինաստանի ֆինանսների նախարարությունը, ապա որոշ ժամանակ կպահանջվի վճարային համակարգի թերությունները շտկելու համար: Ամեն դեպքում, Պեկինում ցանկություն կա վճարային համակարգը գործարկել այս տարի:

 

 

Սեփական վճարային համակարգ ստեղծելու համար Չինաստանին անհրաժեշտ է եղել երեք տարի: People's Bank of China-ն հայտնում է, որ CIPS-ի  ստեղծման համար աշխատանքներ են տարվում  2012-ի ապրիլից:

 

 

Վերջին տարիներին Չինաստանը կտրուկ արագացրել է իր արժույթի միջազգայնացման համար տարվող աշխատանքները: Չինաստանի ԿԲ-ն դեռ անցյալ տարի քլիրինգային բանկերի թիվը հասցրել է մինչև   14-ի:  SWIFT-ի տվյալներով յուանը մտել է միջազգային արժույթների հնգյակի մեջ  2014-ի նոյեմբերին՝ դուրս մղելով կանադական և ավստրալիական դոլարները:


Դեկտեմբերին յուանով վճարումներն աճել են ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ  20,3%-ով:  

Նույն շարքից