Տնտեսություն 

Արցախի վարչապետը ներկայացրել է գլոբալ միտումների ազդեցությունը Արցախի տնտեսության վրա

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 13-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և դասախոսների՝ ռեկտոր Մանուշ Մինասյանի գլխավորությամբ:

 

Ինչպես  տեղեկացնում են  ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ վարչապետն ուսանողներին է ներկայացրել գլոբալ տնտեսական իրադրությունն ու միտումները՝ անդրադառնալով  ՀՀ և ԼՂՀ տնտեսության վրա դրանց ազդեցությանը: Խոսելով հանրապետությունում ֆինանսա-տնտեսական ստեղծված իրավիճակի մասին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ համաշխարհային  և տարածաշրջանային տնտեսական զարգացումներն ազդում են նաև Արցախի տնտեսության վրա:

 

«Եթե 2015 թվականը տնտեսական թռիչքային տարի էինք կանխատեսում, ապա աշխարհում և հետխորհրդային տարածքում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական զարգացումները և դրանց բացասական անդրադարձը մեր տնտեսության վրա հուշում են, որ չենք ունենալու կանխատեսված արդյունքները՝ չնայած վստահ եմ պլանավորված պետական  բոլոր ծրագրերի իրականացման մեջ»,- նշել է վարչապետը:

 

Հանդիպման երկրորդ կեսին, պատասխանելով ուսանողներին հետաքրքրող տարաբնույթ հարցերի, կառավարության ղեկավարը ներկայացրել է իր մոտեցումները և որոշ մանրամասներ տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

Համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին՝ հետաքրքիր հանդիպման համար և վստահություն հայտնել, որ ուսանողների հետ հանդիպումները պարբերական բնույթ կունենան՝ ոչ միայն կառավարության ղեկավարի, այլ նաև Արցախ ժամանող հայտնի գործարարների, տնտեսագետների և այլ գործիչների հետ:

Ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերած ուսանողներից մեկին հանդիպման վերջում Ա. Հարությունյանը դյուրաշարժ համակարգիչ է նվիրել՝ հորդորելով մասնագիտական գիտելիքների զարգացման ճանապարհին լավագույնս օգտվել համացանցի տրամադրած հնարավորություններից:

Նույն շարքից