Տնտեսություն 

Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարությանը կհատկացնի 30 միլիոն դոլար

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը մարտի 16-ին հաստատել է Սոցիալական ներդրումների ու տեղական զարգացման ծրագրով Հայաստանին հատկացված 30 միլիոն ԱՄՆ դոլար վարկը:


«Արմենպրես»-ին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակից հայտնել են, որ այս ծրագրով աջակցություն կցուցաբերվի Հայաստանի կառավարությանը՝ բարելավելու համայնքային ենթակառուցվածքների որակը:

 

 

«Նոր ծրագրի ուղղակի շահառու կդառնան 150 համայնքներ, հիմնականում՝ գյուղական: Ծրագիրը հնարավորություն կտա վեր հանել ներդրումային կարիքները:Ինձ համար հատկապես ուրախալի է, որ ծրագիրը կստեղծի աշխատատեղեր, որոնք անչափ անհրաժեշտ են, և դրանով իսկ կնպաստի մասնակից համայնքներուեկամուտներ ձևավորելուն: Մեր հաշվարկներով, կստեղծի շուրջ 300 հիմնական և 1.100 ժամանակավոր աշխատատեղ, ընդ որում, անապահով համայնքներում աշխատավարձերի տեսքով ձևավորվող եկամուտը կկազմի ավելի քան 8 միլիոն ԱՄՆ դոլար»,-ասել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:



Սոցիալական ներդրումների ու տեղական զարգացման ծրագրի համար հիմք է  հանդիսացել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված ամենահին ծրագրերից մեկը՝ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) ծրագիրը, որն ավելի քան 20 տարի երկրում աշխատանքներ էր իրականացնում տարածքային անհամաչափ զարգացման հարցերը շտկելու ուղղությամբ: ՀՍՆՀ ծրագիրն անապահովների կարիքներին արձագանքելու և հեռավոր ու դժվար հասանելի գյուղական համայնքներում տնտեսական աճը խթանելու կարևոր գործիք է եղել: Ինչպես նախկինում, այժմ ևս ծրագրի հաջողությունները պայմանավորված կլինեն այն հանգամանքով, թե ինչպես համայնքները կկարողանան պահպանել նոր ներդրումների արդյունքում արվածը:

 

 

 

Ծրագրի ամբողջական ֆինանսավորումը կազմում է 42,85 միլիոն ԱՄՆ դոլար, որից 11 միլիոն ԱՄՆ դոլար հատկացվում է ՀՀ կառավարության կողմից, 1,85 միլիոն ԱՄՆ դոլար շահառու համայնքների կողմից, իսկ 30 միլիոն ԱՄՆ դոլարը վարկ ՎԶՄԲ-ի կողմից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով:


Նույն շարքից