Տնտեսություն 

Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հաշվետվություն է ներկայացրել

analitik.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ շարունակվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: Մասնավորապես, զեկույցով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՏԿ և ԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: 

 

Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքներում մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հատկացվել է, ընդհանուր առմամբ, 6 մլրդ դրամ, որն ուղղվել է հիմնականում դպրոցաշինությանը, ճանապարհաշինությանը և ավելի հրատապ լուծում պահանջող միջոցառումների իրականացմանը: ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման երկրորդ՝ 2015-2018 թվականների քառամյա ծրագրերը: 

 

 

2014թ. ՀՀ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 115.34 մլրդ դրամի դիմաց կազմել են 113.98 մլրդ, (կատարողականը` 98,8%): 2013 թվականի համեմատ եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 7.9 տոկոսով կամ 8.34 մլրդ դրամով: Նախորդ տարի ՀՀ կառավարության կողմից փոխհատուցվել են նվազագույն աշխատավարձի շեմի և էլեկտրաէնեգիայի սակագների բարձրացմամբ պայմանավորված համայնքների լրացուցիչ ծախսերը:



Դրանց փոխհատուցումը նախատաեսված է նաև 2015 թվականին: Բացի այդ, ՀՀ կառավարությունը փոխհատուցել է ՀՀ համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված՝ նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված լրացուցիչ ծախսերը:

 

Զեկուցվել է, որ 2014 թ. շարունակվել է համայնքների խոշորացման գործընթացը, մասնավորապես, 2014 թվականի ընթացքում մշակվել է համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծային փաթեթը, որը քննարկվել է նաև Եվրոպայի Խորհրդի փորձագետների հետ: 

 

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ մարզերում վարչական հսկողություն է իրականացվել 232 համայնքում: Նախարարության կողմից հսկողություն է սահմանվել արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ մարզպետների կողմից իրականացված աշխատանքների նկատմամբ:
Արտակարգ իրավիճակների բնագավառում պլանավորվել, կազմակերպվել և անցկացվել են տարաբնույթ ուսումնավարժություններ և վարժանքներ: Փրկարար ծառայության ստորաբաժանումները նախորդ տարվա ընթացքում իրականացրել են 16 հազար 319 ելք, իսկ հրդեհների մարման նպատակով՝ 6 հազար 202 ելք: Հիմնական հրդեհատեխնիկական հետազոտության է ենթարկվել 2 հազար 961 օբյեկտ:

 

 

Աշխատանքներ են տարվել ՀՀ մարզերի սահմանամերձ համայնքներում հրշեջ հենակետերի ստեղծման, ինչպես նաև կապի և ազդարարման համակարգերի արդիականացման, անխափան կապի կազմակերպման ուղղությամբ: Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման ուղղությամբ: Բացվել են Լոռու մարզային փրկարարական վարչության և ԼՂՀ կառավարության առընթեր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնները: Ճգնաժամային կառավարման կենտրոնում հիմնվել է հանրապետությունում տեղակայված հակակարկտային կայանները մեկ կենտրոնից կառավարման միասնական համակարգը:

 

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և նախարարության միջև ստորագրվել է արձանագրություն` սողանքային աղետի կառավարման վերաբերյալ և օգոստոսից մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարում» եռամյա ծրագիրը: Շարունակվել են ՀՀ տարածքում հայ-ռուսական համատեղ հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

 

 

Երկրաշարժերի Ազգային կատալոգը համալրվել է 526 երկրաշարժերի տվյալներով: Իրականացվել են 221 շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի, ինչպես նաև սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատման աշխատանքներ:

 

 

2014 թվականի ընթացքում` «911» ծառայության Կենտրոնական ահազանգման կենտրոն հասցեագրված զանգերի թիվը կազմել է 1 մլն 349 հազար 602 զանգ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ տարածքում գրանցվել է 11 հազար 768 արտակարգ դեպք:

 

Միգրացիոն բնագավառում հաշվետու ժամանակահատվածում նախտեսված է եղել երկու գերակա ծրագիր, որոնք կատարվել են: Մասնավորապես, ընդունվել է միգրացիայի ոլորտում գործողությունների ազգային ծրագիրը՝ բաղկացած 78 միջոցառումներից, մշակվել են օտարերկրյա պետությունների քաղաքացիների՝ ՀՀ-ից ապաստան խնդրելու գործընթացում կիրառվող նոր ստանդարտներ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միգրացիոն հոսքերին, ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին: 

 

 

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորումը կտա իր դրական արդյունքը: Վարչապետը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների դերը երկրի կառավարման գործընթացում, ՏԻՄ-երի հզորացումն ու կայացումը: 

Նույն շարքից