Տնտեսություն 

Հայ-ամերիկյան հարաբերությունները քաղաքաշինության բնագավառում առաջիկա տարիներին զգալի առաջընթաց կարձանագրեն. Նարեկ Սարգսյան

analitik.am

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:


Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու առթիվ՝ նախարարը հաջողություններ է մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում և վստահություն հայտնել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները քաղաքաշինության բնագավառում առաջիկա տարիներին զգալի առաջընթաց կարձանագրեն:



Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին ներկայացրել է Հայաստանի քաղաքաշինության ոլորտի առաջնահերթությունները, անկախության տարիներին արձանագրված հաջողությունները, այսօր բնագավառում իրականացվող գլոբալ ծրագրերը և ոլորտի առջև ծառացած մարտահրավերները:



Քաղաքաշինության ոլորտի առաջնահերթ նպատակների թվում նախարարն առանձնացրել է կանաչ քաղաքաշինության և ճարտարապետության գործնական ներդրմանն ուղղված ծրագրերի իրագործումը՝ այդ համատեքստում կարևորելով նոր լանդշաֆտային պարկի ստեղծման ծրագրի իրականացումը՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց գտնվող «Դալմայի այգիներ» տարածքային հատվածում, ինչպես նաև՝ քաղաքային միջավայրում կանաչ ճարտարապետության» տարրերի կիրառման տեխնիկական նորմերի մշակման խնդիրը, բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտի օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների փաթեթի և այդ շենքերը բնութագրող տվյալների տեղեկատվական համակարգչային ծրագրի մշակումն ու ներդրումը, ինչպես նաև՝ ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար մատչելիության պայմանների ապահովումը՝ նշելով այն կարևոր օբյեկտները, որոնք առաջիկայում նախատեսում է այդ նպատակով համալրել անհրաժեշտ միջոցները:



Դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ոլորտի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար, հետագա համագործակցության պատրաստակամություն ցուցաբերելով:



Մտքերի փոխանակման ընթացքում քաղաքաշինության նախարարն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են տնտեսության զարգացման առումով շինոլորտի կարևորությանը, Հայաստանում սեյսմիկ ստանդարտների տեխնիկական ապահովմանը, երևանյան կիսակառույցների խնդրին:


Նշված հարցերի վերաբերյալ ստանալով սպառիչ տեղեկատվություն, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը գոհունակությունն է հայտնել հանդիպումից:


Հանդիպման ավարտին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին նվիրել է ՀՃՈՒՀ հրատարակած «Հայաստան պատկերազարդ գիրք-ալբոմը:

Նույն շարքից