Տնտեսություն 

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ պետական դումայի հանձնաժողովներն ավարտել են համատեղ նիստի աշխատանքը

analitik.am

Մարտի 28-ին Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի երրորդ համատեղ նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ողջույնի խոսքում կարևորել է երկու հանձնաժողովների համատեղ նիստի անցկացումը՝ նշելով, որ այն կարևոր հարթակ է՝ քննարկելու երկու հասարակությունների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նա արդյունավետ աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին:

 

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի լիիրավ մասնակցությունը դիտարկվում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված կանխատեսելի և առավելագույնս փոխշահավետ հարաբերությունների զարգացման ձևաչափ: Ըստ փոխվարչապետի՝ Եվրասիական միությունը, թերևս, աշխարհագրական առումով ամենախոշոր տնտեսական միավորումն է: Այնուամենայնիվ, Վաչե Գաբրիելյանը կարծում է, որ միությունն ունի դեռևս չիրացված հսկայական ներուժ: Փոխվարչապետն անդրադարձել է նաև ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանի հեռանկարներին և նշել. «Մենք գիտակցում ենք, որ ինտեգրացիոն գործընթացները մեծ ջանքեր են պահանջելու և պետք է դրա համար օգտագործել համագործակցության ներուժը բոլոր հնարավոր ձևաչափերում»:

 

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին ընդգծել է, որ երկու հանձնաժողովները ծավալուն աշխատանք են կատարել արդեն իսկ անցկացված երկու համատեղ նիստերի ընթացքում: Նա կարևորել է միջազգային հարթակներում համագործակցությունը և երկկողմ հանդիպումներն առավել պարբերական դարձնելը:
«Տնտեսական համագործակցության և զարգացման հեռանկարները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» թեմայի վերաբերյալ ելույթ են ունեցել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, ՌԴ ԴԺ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Վասիլի Լիխաչովը և Եվրասիական տնտեսական միության Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը:

 

Էմիլ Տարասյանը ներկայացրել է այն փոփոխությունները և լրացումները, որոնք կատարվել են ՀՀ օրենսդրությունում՝ նպատակ ունենալով այն համապատասխանեցնելու ԵՏՄ-ի պայմանագրի պահանջներին: Վասիլի Լիխաչովի գնահատմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունը նախատեսում է ազգային ինքնիշխանության ամրապնդում և ազգային տնտեսությունների զարգացում: Պարոն Լիխաչովը կարևորել է ԵՏՄ շրջանակներում խորհրդարանական համագործակցության ակտիվացումը: Նա առաջարկել է հայ և ռուս խորհրդարանականներին մշակել և միջազգային հարթակներում ներկայացնել Եվրասիական տնտեսական միության գաղափարախոսությունը և դրանով նպաստել նաև ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջև երկխոսությանը: Կարինե Մինասյանը ներկայացրել է այն ուղղությունները, որոնք պետք է զարգացնել ԵՏՄ շրջանակներում համագործակցությունն ավելի արդյունավետ և բազմակողմանի հիմքերի վրա դնելու համար:

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակում աշխատանքային միգրացիայի և ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման հարցերը» թեմայով ելույթ են ունեցել ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Ֆոմենկոն և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Անատոլի Ֆոմենկոն խոսել է միգրացիոն ոլորտում արձանագրված դրական արդյունքներից: Ըստ նրա՝ համաձայն մարտի 8-ին ՌԴ Նախագահի կողմից ստորագրված միջպետական համաձայնագրի՝ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր մտադիր են աշխատանքային գործունեություն ծավալել ՌԴ-ում, ազատվում են համապատասխան աշխատանքային թույլտվություն ձևակերպելու անհրաժեշտությունից: Անատոլի Ֆոմենկոն տեղեկացրել է, որ այժմ ՌԴ-ում է գտնվում շուրջ կես միլիոն ՀՀ քաղաքացի, որոնց մեծ մասը եկել է աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով:

 

Գագիկ Եգանյանը նշել է, որ միգրացիոն գործընթացներն իրենց ծավալներով և թողած հետևանքներով այսօր դասվում են ՀՀ-ին ամենից շատ հուզող երևույթների թվին, իսկ դրանց կարգավորումը համարվում է կառավարության գործունեության գերակա ուղղություններից մեկը: Նշվել է, որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը ՌԴ-ում զբաղված է շինարարության ոլորտում: Գագիկ Եգանյանը խոսել է ՀՀ-ՌԴ միգրացիայի տեղաշարժից, ՌԴ-ում մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների խնդիրներից:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ խորհրդարանական հարթակներում համագործակցությունը» զեկույցով հանդես է եկել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը: Նա, անդրադառնալով Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպան քաղաքականությանը, կարծիք է հայտնել, որ ժամանակակից Թուրքիան, վարելով ժխտողական քաղաքականություն, ինքնաբերաբար դառնում է Օսմանյան կայսրության իրավահաջորդը և իր վրա վերցնում պատասխանատվության ողջ բեռը: Պարոն Ռուստամյանի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միայն երկու կողմերի խնդիրը չէ, այն մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը:

 

Մտքերի փոխանակության ընթացքում հայ և ռուս պատգամավորները խոսել են ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու առանձնահատկություններից, ինտեգրման ուղղությամբ իրականացված աշխատանքներից, խնդիրներից ու մարտահրավերներից, ԵՏՄ-ԵՄ փոխգործակցությունից, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունից: Խորհրդարանականները կարևորել են ԵՏՄ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը և նման ձևաչափերով հանդիպումների հաճախակի կազմակերպումը:
Նիստի ավարտին պատգամավորներն ընդունել են համատեղ հայտարարություն:
Նիստի արդյունքներն ամփոփվել են Արտակ Զաքարյանի և Լեոնիդ Սլուցկու համատեղ մամուլի ասուլիսում:

Նույն շարքից