Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցում է ընդամենը երեք ամիս, և այս ժամկետը բավարար չէ, որ ասենք՝ առաջացող խնդիրները լուծելի չեն: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանից Հայաստան ժամանած տնտեսագետ Ազա Միգրանյանը՝ ընդգծելով, որ ժամանակ է անհրաժեշտ բոլոր խնդիրները լուծելու համար:
«Ներկայում գոյություն ունեցող բոլոր խնդիրներն անցումային շրջանի են: Դրանք գոյություն են ունեցել նաև Ռուսաստանի, Ղազախստանի համար դեռևս 2010թ-ից, երբ սկսվեցին աշխատանքները: Առաջին վեց ամիսները անցումային են, և դեռևս ժամանակ է հարկավոր: Գիտեք երևի, որ շուտով ԵՏՄ բոլոր երկրների բիզնեսմենների ֆորում է տեղի ունենալու, որտեղ կներկայացվեն բոլոր խնդիրները, կառաջարկվեն լուծումներ»,-ասաց նա:
Տնտեսագետ Սվետլանա Գլինկինան ևս ընդգծեց, որ օբյեկտիվորեն առաջացած խնդիրները հնարավոր չէ մեկ րոպեում լուծել:
«Այսօր շատերը խոսում են ռուսական ռուբլու արժեզրկման և ԵՏՄ տարածքում դրա հետևանքով առաջացած խնդիրների մասին, բայց անկախ ամեն ինչից, եթե Հայաստանը անգամ չանդամակցեր ԵՏՄ-ին, ապա ռուբլու փոխարժեքի անկումը կրկին ազդելու էր փոխտնտեսական հարաբերությունների վրա: Ներկայումս այս հարցը դժվար է լուծել, որովհետև ամեն ինչ կախված է նավթի գներից»,-ասաց նա:
Անդրադառնալով միասնական արժույթի ստեղծմանը ԵՏՄ տարածքում, ռուս տնտեսագետը նշեց, որ դրա համար շատ երկար ժամանակ է հարկավոր:
«Ինչպես գիտեք Եվրոպական միությունում էլ երկար ժամանակ է պահանջվել միասնական արժույթի ստեղծման համար: Մոտակա շրջանում նման բան լինել չի կարող, բայց արդեն հայտնի է, որ հարցի նկատմամբ հետաքրքրություն կա»,-ասաց նա: