Տնտեսություն 

2015թ. նավթը կարժենա 53 դոլար՝ կանխատեսում է Համաշխարհային բանկը

2015թ. նավթի միջին գինը կկազմի 53 դոլար 1 բարելի դիմաց, միաժամանակ 2016թ. սպասվում է դրա աննշան աճ 4 դոլարով 1 բարելի դիմաց: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի թարմացված կանխատեսումը:



«Ենթադրվում է, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ երկրները կխուսափեն առաջարկի կառավարման որևէ քաղաքականությունից, և որ համաշխարհային տնտեսական իրավիճակը չի վատանա: Այդ կանխատեսումն արտացոլում է ՕՊԵԿ-ի քաղաքականության փոփոխությունը, աշխարհաքաղաքական լարվածության թուլացումը, մատակարարումների բավարար ծավալը և պահանջարկի չափավոր մակարդակի հասնելը»,- նշում են հեղինակները:



Զեկույցում նշվում է, որ վերջերս արձանագրվող նավթի էժանացումը էներգակիրների այլ շուկաների վրա ևս կազդի՝ հատկապես Եվրոպայում և Ասիայում բնական գազի շուկայի վրա: Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2015թ. եվրոպական բնական գազի էտալոնային գները կնվազեն 15%-ով:



«Ներկայումս նավթի շուկայում շարունակվում է նոր հավասարակշռության գնի որոնումն ըստ նրա, թե ՕՊԵԿ երկրները և ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող նավթ արդյունահանող երկրներն ինչպես են մրցակցում շուկայի մասի համար, հատկապես նավթի արդյունահանման ծավալները չկրճատելու ՕՊԵԿ-ի նոյեմբերին ընդունած որոշումից հետո»,- գրում են հեղինակները:



Ուստի կանխատեսումը հնարավոր է համարում այլընտրանքային սցենարները: Դրանցից մեկի համաձայն՝ նավթի միջին գինը կազմում է 45 դոլար 1 բարելի դիմաց 2015թ. և 50 դոլար՝ 2016 թ.: Երկրորդ սցենարով գինը կկազմի 65 դոլար 1 բարելի դիմաց 2015թ. և 69 դոլար՝ 2016թ.:

Նույն շարքից