Տնտեսություն 

Հիմա էներգետիկ համակարգի պրոբլեմներն են մեծ: Դուք ձեր այսօրվա գործող պրոբլեմները լուծեք, հետո նոր...վարչապետը՝ Նաիրիտի աշխատավարձերի մասին

Կառավարության այսօրվա նիստի վերջում վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ «Նաիրիտ» ընկերության աշխատակիցների աշխատավարձերի խնդրին. նրանք կրկին կառավարության դիմաց բողոքի ակցիա էին անում:



Վարչապետը հորդորեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին խնդրի հետ կապված պարզաբանումներ տալ: 

 


«Պետք է արձանագրենք, որ մենք ինչ խոստացել ենք,  մեր խոստումները կատարել ենք: Ես ուզում եմ, որ բոլորը տեղյակ լինեն ու փողոցային խոսակցությունների տեղիք չտան: Մեր վերջին հանդիպման ժամանակ ես իրենց ասել եմ, մեր պայմանավորվածությունը եղել է, որ մինչև տարվա վերջ վճարելու ենք ամեն ամսվա աշխատավարձերը, մեկ անգամ էլ լրացուցիչ, իրենց խնդրանքով վճարել ենք փետրվար ամսին: Պայմանավորվածություն է եղել նաև, որ այլևս մեզ չդիմեն, գնան, իրենք բաժնետերեր ունեն, խորհուրդ ունեն ու այնտեղ որոշեն, սա կառավարության պարտքը չէ: Մենք իրենց վատ ու անփույթ աշխատանքի արդյունքում կառավարության վրա լուրջ բեռ ենք ավելացնում, իսկ այս ծանր տնտեսական պայմաններում այդպիսի բեռ վերցնելն անընդունելի է»,-ասաց վարչապետը:



Երվանդ Զախարյանը հիշեցրեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում ընկերությունում կրճատումներ են եղել, և իրենք խոստացել են մնացող աշխատակիցներին ամեն ամիս վճարել  աշխատավարձերը, իսկ մյուսների վերաբերյալ նշեց, որ այն, ինչ Նախագահի կողմից հանձնարարվել է, կատարվել է:



«Մինչև հունվար ամսվա աշխատավարձերը վճարվել են»,-ասաց նա:
 



Երվանդ Զախարյանը նկատեց, որ գործարանում կա գույք, որ նույնիսկ Նաիրիտի գործարկման ժամանակ անհրաժեշտ չի լինելու, և այդ գույքի վաճառքի վերաբերյալ որոշակի շարժ հավանաբար առաջիկայում կլինի: Նա վստահեցրեց, որ նախարարությունն ամեն ինչ անում է ընկերության կառավարման խորհրդի հետ միասին, երեքշաբթի հանդիպում է եղել ակտիվիստների խմբի հետ ու հայտարարվել է, որ աշխատավարձի պարտքը կփակվի գույքի վաճառքից սպասվող գումարների հաշվին:

 

 

«Իրենց խնդրանքն է, որ կառավարությունը որոշակի վճարումներ անի, մինչև գույքի վաճառքը կլինի»,-ասաց նա:

 

 

Վարչապետն արձագանքեց, որ ընկերության վերագործարկումը կլինի միայն այն դեպքում, երբ հասկանան, որ դա արդյունավետ է, ոչ թե նախկինի նման անշահավետ լինի:

 

 

«Հիմա էներգետիկ համակարգի պրոբլեմներն են մեծ: Դուք ձեր այսօրվա գործող պրոբլեմները լուծեք, հետո նոր…: Այսօր ձեր համակարգում, իհարկե ոչ ձեր պատճառով, բայց կան մեծ պրոբլեմներ, այդ ճահիճը պետք է վերացնենք ու հասկանանք, թե ոնց ենք վերացնելու։ Հիմա դուք ուզում եք նորից բեռ վերցնել: Մենք ահագին բեռ ենք վերցրել, ամեն ամիս, ինչ նոր կառավարությունը ձևավորվել է, մոտ 400 միլիոնի չափ աշխատավարձ ենք վճարել լրացուցիչ: Մենք դրա պարտավորությունը չունենք»,-շեշտեց Հովիկ Աբրահամյանը:

 

 

Նշենք, որ նիստից հետո նաիրիտցիներից մի քանի հոգի հանդիպելու են վարչապետի հետ: Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, որ նիստի ընթացքում վարչապետի ասածներն իրենց չի բավարարել:

Նույն շարքից