Կառավարության նիստից հետո այսօր կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագծի մերժմանը, որով առաջարկվում էր հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվական, նշեց, որ նախագիծն ամբողջությամբ չի մերժվել:
«Մենք այսօր աշխատում ենք «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի» նախագծի փոփոխությունների վրա, որտեղ պատգամավորի առաջարկը ներառվելու է: Մենք պատգամավորից խնդրեցինք, որպեսզի մասնակցի այդ նախագծի փոփոխություններին»,-ասաց նա:
Նախարարը հայտնեց, որ թվայնացումը 60-70%-ով արդեն իրականցվել է:
«Թվայնացման գործընթացը բավական հաջող է ընթանում: Այսօր համապատասխան իրավաբանները շատ լավ աշխատում են նախագծի փոփոխության շուրջ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե գործընթացը որքան ժամանակով կհետաձգվի, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց, որ այս պահին քննարկվում է, թե ինչքան ժամանակով պետք է հետաձգվի նախագիծը, որպեսզի լինի ավելի հասկանալի և ռեալ:
«Վերջնական քննարկումից հետո մենք կասենք՝ հետաձգումը կլինի 6 ամի՞ս, 2 տարի՞, թե 1 տարի»,- հավելեց նա: