«Թուրքական հոսք» գազատարի կառուցման աշխատանքներին Սերբիայի միանալու հարցը գտնվում է քննարկման փուլում: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ-ում Սերբիայի դեսպան Սլավենկո Թերզիչը:
«Թուրքական հոսք» գազատարի կառուցմանը Բելգրադի միանալու հարցը քննարկման փուլում է», - ասել է դեսպանը` ընդգծելով, որ գազային ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության հետաքրքրվածությունը Սերբիայի կառավարությունում պահպանվում է:
Դիվանագետը հավելել է, որ մեկ ամսվա ընթացքում Բելգրադում սպասում են ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին: «Դա հանդիպում կլինի առևտրի և գիտատեխնիկական համագործակցության հարցով միջկառավարական հանձնաժողովի համանախագահների մակարդակով: Հանդիպման թեման կլինի հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստումը, որն անցկացվելու է այս տարի՝ Սերբիայում», - նշել է դեսպանը: