Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:
Վարչապետը, ողջունելով հյուրին, գոհունակություն է հայտնել Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցության ընթացքից եւ կարեւորել կառույցի աջակցությամբ տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:
Դմիտրի Պանկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ ԵԶԲ-ն պատրաստակամ է քննարկել մեր երկրում ներդրումային նախագծերի իրագործման հեռանկարները:
Հանդիպման ընթացքում արծարծվել են երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաեւ հետագա գործակցության ուղղությունները:
Հաջորդիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը, որի շրջանակում ՀՀ-ին տրամադրվում է 150 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ
Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը: