Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված՝ «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրին:
Ինչպես նշեց էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, վարկը ծառայելու է Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցմանը՝ հիմնական սարքավորումների ամբողջական կամ մասնակի փոխարինման, վերահսկողության և տվյալների ձեռքբերման համակարգի տեղադրման, հսկողության սենյակների համար նոր շենքի կառուցման և նշված ենթակայանից էլեկտրաէներգիայի մատակարարման համար պահանջվող հաղորդման օդային գծերի վերամիացման միջոցով:
Համաձայնագրի համաձայն` ՎԶՄԲ-ն ՀՀ-ին կտրամադրի 52 մլն ԱՄՆ դոլար վարկ` «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» շրջանակներում: ՎԶՄԲ-ի կողմից վարկային միջոցները տրամադրվելու են արտոնյալ պայմաններով. վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի, որից 14.5 տարին՝ արտոնյալ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ համաձայն հավանության արժանացավ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի արդյունքում ՎԶՄԲ-ն Հայաստանին պետք է տրամադրի 30 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ վարկ: