«Ազատության» հարցին, թե ինչ կարող է ասել էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման մասին, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր պատասխանեց․ – «Չեմ բացառում»:
Դեռ հունվարին լրագրողների հետ հանդիպմանը Զախարյանն ասել էր, որ ռուսական «Интер РАО ЕЭС»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վատ կառավարման, ինչպես նաև դրամի կտրուկ արժեզրկման պատճառով սպասվում է էլեկտրաէներգիայի թանկացում:
Նախարարը մանրամասնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կուտակել է 250 միլիոն դոլարից ավելի պարտք, և գործող սակագնի պայմաններում չի կարող մարել այն։
Սակայն այն ժամանակ պաշտոնյան ընդգծել էր, որ նախագահ Սարգսյանը հանձնարարել է ամեն ինչ անել, որ այս տարի էլեկտրանէներգիայի սակագինը չբարձրանա․ – «Ես կարող եմ պատասխանատու հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ անել ամեն ինչ, և հավանաբար այդպես էլ կարվի, որպեսզի սակագների հետ կապված, բարձրացման հետ կապված այս տարի մենք խնդիր չունենանք»: