Կառավարության վաղվա նիստի օրակարգում է որոշման նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ 2015 թվականի պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացնել գումար՝ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական կազմակերպության կողմից բարեգործական ծրագրի շրջանակներում իրականացվող անվճար ատամնաբուժական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, արտոնագրային վճարները փոխհատուցելու համար:
Որպես ակնկալվող արդյունք մատնանշվում է, որ որոշման ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկարամյա գործունեություն իրականացնող բարեգործական կազմակերպության համար՝ գործունեությունը առանց խոչընդոտների իրականացնելու:
Կառավարության աշխատակազմին գումար կհատկացվի այն հիմնավորմամբ, որ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ Օրենքով սահմանված վճարները անհավասար պայմաններ են ստեղծում շահույթ ստանալու նպատակ հետապնդող` ատամնաբուժական ծառայություններ իրականացնող տնտեսվարողների և բարեգործական հիմունքներով անվճար ծառայություններ մատուցող ոչ առևտրային կազմակերպությունների համար, որոնք շահույթ չեն հետապնդում: