ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ-ում 2015թ-ի առաջին եռամսյակում ապրանքաշրջանառության ծավալների ու արտահանման ծավալների կրճատմանը և նշեց, որ ԵՏՄ-ի հետ առևտրի ծավալները դեռևս ամբողջական չեն:
«Նույնիսկ երևի մեծ մասը հաշվարկված չէ, որովհետև էլեկտրոնային հաշվարկի համակարգը ներդրված չէ: Ազգային վիճակագրական ծառայությունը չի կարողանում համեմատել տվյալները մեկը մյուսի հետ»,-ասաց նա:
Միաժամանակ նախարարը նշեց, որ առևտրի ծավալների անկումը կոմպենսացվում է մասնավորապես արդյունաբերության ծավալների աճի հետ և արդյունաբերության որոշ ոլորտների արտահանման ծավալի աճի հետ:
«Օրինակ, առանց էներգետիկայի հաշվարկների, արդյունաբերության աճը կազմել է 106%: Դա ոչ միայն մեր մոնիտորինգի տվյալներն են, այլ երբ համեմատում ենք անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ: Օրինակ՝ արտահանման ավելացում է եղել ադամանդագործության ոլորտում, լուրջ ծավալներ է արդեն ապահովում Թեղուտի մոլիբդենային կոմբինատը, ավելացրել է իր արտադրությունը «Գեոպրոմայնինգը» և մեծացրել է արտահանումը: Այսինքն՝ առանձին ոլորտների ակտիվությունը կոմպենսացնում է այն պակասը, որը կա»,-ասաց նա:
Կարեն Ճշմարիտյանը շեշտեց, որ առաջին եռամսյակը ամենածանրն է միանգամից մի քանի առումներով:
«Նախ՝ դեկտեմբերին մենք ունեցանք դրամի տատանում, հետո որոշակի սպասումային տրամադրություններ կային հունվարին՝ կապված ԵՏՄ անդամակցության հետ, հետո ՌԴ շուկայի անկումը դեռևս մարսելու ժամանակ է պետք մեր ընկերություններին: Մենք հույս ունենք, որ ամենածանր եռամսյակից հետո հնարավորությունները շատ ավելի մեծանալու են»,-ասաց նա: