Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը պայքարելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, հայտարարել է կուսակցության անդամ Նազմի Գյուրը ՌԻԱ Նովոստի գործակալությանը:
Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 20 կուսակցություն, որոնցից 4-ն ունեն իրական հնարավորություն՝ հաղթահարելու 10 տոկոսանոց շեմը: Սոցհարցումների համաձայն՝ իշխող Արդարադատություն և զարգացում կուսակցության օգտին պատրաստվում է քվեարկել հարցվածների 41 տոկոսը: Ժողովրդա-հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու է հարցվածների 29 տոկոսը, ազգայնական Ազգային գործողության կուսակցությունն ակնկալում է ստանալ 14 տոկոս, իսկ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը՝ 11 տոկոս:
«Մենք աջակցում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման արձանագրությունների իրականացմանը: Հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կախում ունենան ղարաբաղյան խնդրից: Դա հայ և ադրբեջանցի ժողովուրդների խնդիրն է, որը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Մենք նաև հանդես ենք գալիս հօգուտ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման», – հայտարարել է Գյուրը: