Մյունխենում հունիսի 4-ին անցկացվել է առաջին լայնամասշտաբ բողոքի ակցիան` ընդդեմ Յոթնյակի խմբի (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) երկրների և խորհրդարանների ղեկավարների կայանալիք գագաթնաժողովի: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` քաղաքի ոստիկանության տվյալներով՝ բողոքի ցույցին շուրջ 34 000 մարդ է մասնակցել:
Բողոքի ակցիան, որն անցկացնելու կոչ են արել տարբեր գերմանական կուսակցություններ և ոչ կառավարական կազմակերպություններ, անցկացվել է «Կանգնեցնել TTIP-ը (ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության մասին տրանսատլանտյան համաձայնագիր), փրկել կլիման, պայքարել աղքատության դեմ» կարգախոսով:
Ցուցարարները, նախևառաջ, քննադատության են ենթարկել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի կենտրոն ստեղծելու մասին համաձայնագրի նախատեսվելիք ստորագրումը: Ցուցարարները պաստառներ էին պատրաստել հետևյալ գրություններով` «Կանգնեցնել G7-ը», «Արգելափակել G7-ի գագաթնաժողովը», «Մեզ այլ աշխարհ է պետք»:
Կարգուկանոնը Մյունխենում պահպանել է շուրջ 3000 ոստիկան: Ինչպես ընդգծել են օրինապահ մարմիններում` որևէ միջադեպ չի գրանցվել:
G7-ի գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 7-8-ը` Բավարիայի Էլմաու ամրոցում: