Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հունիսի 4-ին ընդունել է Հայաստանի խորհրդարանի Հայաստան-Սիրիա բարեկամության խմբին:
Սիրիայի SANA պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հանդիպմանը խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը վերահաստատել է հայ ժողովրդի աջակցությունը ահաբեկչական խմբավորումների կողմից հարձակումների ենթարկվող սիրիական ժողովրդին: Հայկական պատվիրակությունը հույս է հայտնել, որ Սիրիան պատերազմից դուրս կգա հաղթանակած, տեղեկացնում է azatutyun.am-ը:
Հանդիպման մասնակիցները հաստատել են հետագա համագործակցության անհրաժեշտությունը:
Սիրիայի նախարարների խորհրդի ղեկավար Սաիր Վաիլ ալ-Խալքին Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամության խմբի հետ հանդիպմանը կոչ է արել հայկական ընկերություններին մասնակցել միասնական տնտեսական նախագծերի իրագործմանը Սիրիայում:
Անցած շաբաթ Սիրիա էր այցելել նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը: Նախարարը հանդիպումներ է ունեցել Բաշար ալ-Ասադի և արտգործնախարար Վալիդ Ալ-Մուալեմի հետ: Սիրիայի արտգործնախարարն ընդգծել է՝ եթե համաշխարհային համայնքը պատժեր օսմանյան ահաբեկիչներին 20-րդ դարեսկզբում իրականացրած հայերի կոտորածների համար, ապա նրանց ժառանգները չէին կրկնի նման դաժան հանցագործությունները Սիրիայում:
Իր հերթին, Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի և Հայաստանի ժողովուրդները նույն մարտահրավերների առջև են կանգնած: Օսմանցիները 100 տարի առաջ հայ ժողովրդի առջև ծանր հանցագործություն են գործել, այսօր արդեն Էրդողանի ռեժիմը կիրառում է նույն մեթոդները սիրիական ժողովրդի նկատմամբ, մասնավորապես՝ նրան ենթարկելով ահաբեկչության: