Իրան - Հայաստան գազատարի Մեղրի - Քաջարան հատվածը վաճառվում է ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին է հայտնել Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը։
Ներկայում գազատարի 40 կիլոմետրանոց այդ հատվածի սեփականատերը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն է, իսկ «Գազպրոմ Արմենիա»-ն վարձակալում է գազատարի տվյալ հատվածը։
«Դա մասնագիտացված կառույց է, և էլ ո՞վ, եթե նա չպետք է իրականացնի այդ ծառայությունները։ Էներգետիկ բնագավառի այդպիսի ծախսերը, մենք գտնում ենք, որ շատ ավելի արդյունավետ է, երբ որ կատարում է ոչ թե պետությունը, այլ մասնավոր ընկերությունները», - ասել է փոխնախարարը։
Սիմոնյանի խոսքով` Հայաստանի գազամատակարարման ամբողջ համակարգը «Գազպրոմի» լիազորությունների շրջանակում է, և «իմաստ չունի 40–կիլոմետրանոց ոչ մեծ հատվածը թողնել պետական ոչ մասնագիտական ընկերության իրավասության ներքո»։
«Ինչու՞ դա չի արվել իր ժամանակին։ Որովհետև իր ժամանակին դրա կառուցման համար մենք ներգրավել էինք իրանական կողմի վարկ։ Իրանական կողմը կարող էր վարկ տրամադրել միայն 100–տոկոսանոց պետական ընկերության, և այդ պատճառով ներգրավվեց «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը։ Կառուցումն ավարտվել է, վարկը` մարվել, և այժմ իմաստ չունի պահել այդ փոքրիկ հատվածը»,– ասել է Սիմոնյանը։