Ոչ միայն 17 դրամի, այլ շուրջ 7 դրամով թանկացումը ևս անհիմն է: Սրանում համոզված է տնտեսագետ Արտակ Մանուկյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր հակափաստարկները ներկայացրեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ «Արմենիա» հեռուստատեսության «Ռէվոլյուցիա» հաղորդաշարին հյուրընկալելիս հնչեցվածի կապակցությամբ: Մասնավորապես այն, որ ռուսական ընկերության կուտակած մոտ 109 միլիարդ դրամի պարտքի մի մասը՝ մոտ 37 միլիարդ դրամը պետք է վճարվի սպառողների հաշվին, քանի որ այն գոյացել է ոչ թե ՀԷՑ-ի վատ կառավարման, այլ Ատոմակայանի 88-օրյա դադարի ու սակավաջրության հետևանքով։
«Ռոբերտ Նազարյանն ի՞նչ էր ասում, ցեմենտի ծախս եք ասում, հանել եմ, աշխատավարձ էիք ասել, չեմ թողել բարձրացնել: Բայց էդքան էլ այդպես չէ»,-ասաց տնտեսագետը և որպես օրինակ բերեց շահագործման և պահպանման ծախսերը:
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը բավականաչափ երկար տարիներ աշխատավարձ է ստացել ու ոչ մի քայլ մինչ օրս չի արել նման կարգի տեղեկատվությունը թափանցիկ դարձնելու բոլոր սպառողների համար, որ ամեն մեկը հասկանա, որ արդարացիորեն է այդ սակագինը ձևավորվել», - ասաց տնտեսագետը, ով նաև չի պատկերացնում՝ ինչպես հանձնաժողովը հանրությանը կներկայացնի սակավաջրության, դոլար-դրամ փոխարժեքի տատանումների կամ ատոմակայանի ժամանակավոր դադարի հետևանքով ՀԷՑ-ի կրած վնասների կոնկրետ հաշվարկները։
Արտակ Մանուկյանը նաև հավելեց. «Նախ, բերենք մի հիպոթեզ՝ որքանո՞վ է օբյեկտիվ ներկայիս գործող 41 դրամը: Սա զուտ պաշտոնական թվերի վրա հիմնված վերլուծություն է, հիմա ուզում եմ հարցնել՝ օրինակ՝ սակագինը պետք է լինի 31 դրա՞մ, 41, թե 60, պետք է հասկանանք»,-հարցրեց Արտակ Մանուկյանը, ով ուսումնասիրելով ու համեմատելով վերջին հայտը ու նախկինները, ոչ մի կապ ու նույնական մոտեցում չի գտել:
Եվ նույնիսկ 37 դրամ սակագինը, ըստ Արտակ Մանուկյանի, եղել է գերուռճացված:
Տնտեսագետն ասաց, որ բոլորը կենտրոնացել են ՀԷՑ-ի վրա, բայց նրան էլեկտրաէներգիա մատակարարողները՝ Մեծամորի ատոմակայան, ՋԷԿ, Հրազդանի ՋԷԿ-ը, Երևանի ՋԷԿ նույնպես շուկայականից բարձր գնով ձեռքբերումներ ունեն և չի կարելի վստահ լինել, որ ողջ շղթայում չկան կոռուպցիոն ռիսկեր: