Երկու տարվա ընթացքում երեք անգամ սակագին բարձրացնելը նույն ոլորտում` անընդունելի է,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվություն» կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սպասվելիք թանկացմանն ու դրա հնարավոր ազդեցությանը բնակչության վրա:
Նրա խոսքերով՝ Հայաստանում միշտ սակագնի բարձր շեմ են սահմանում, հետո մի քիչ իջեցնում են, որ ժողովուրդն ասի՝ լավ է, շատ չթանկացավ:
«Բայց խայտառակ վիճակ է: 2013թ-ին թանկացրեցին 8 դրամով՝ դարձնելով 38 դրամ, 2014թ-ի թանկացումից հետո այն կազմեց 42 դրամ և հիմա ուզում են թանկացնել 17 դրամով: Ստացվում է, որ երկու տարվա մեջ 100 տոկոսով թանկացնում են, սա նոնսենս է, ոչ մի երկրում նման աննորմալ բան տեղի չի ունենում»,- ասաց Կ.Չիլինգարյանը:
Ըստ նրա՝ թեև արդեն հայտարարվել է, որ էլեկտրաէներգիան կթանկանա ոչ թե 17, այլ 6.93 դրամով, այս դեպքում ստացվում է, որ երկու տարում այն թանկանում է 60 տոկոսով, ինչը նույնպես անընդունելի է: Օրինակ, համեմատելով Վրաստանի հետ, Կ.Չիլինգարյանը նշեց, որ այնտեղ սակագինը նվազում է. մինչև 100 կՎտ սպառողը 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց վճարում է 20 դրամ, իսկ 100-300 կՎտ-ի համար՝ 26-27 դրամ, իսկ դրանից ավելի՝ 37-38 դրամ:
«Նույնիսկ այդ բարձր սակագինը մեր սակագնից ցածր է, մինչդեռ Հայաստանը էլեկտրաէներգիա արտադրող երկիր է»,- ասաց նա:
Կ.Չիլինգարյանը նաև չի ընդունում այն պատճառաբանությունը, թե սակավաջուր տարի է եղել և դա նույնպես իր ազդեցությունն է ունեցել. «Ասում են՝ սակավաջուր տարի է, բայց միթե՞ ամբողջ տարածաշրջանում այդ սակավաջրությունը միայն Հայաստանի վրա ազդեց»:
Կենտրոնի նախագահի խոսքերով՝ այս թանկացումը կբերի շղթայական թանկացման, սպառումը կնվազի:
«Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատությունը 32 տոկոս է կազմում, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 40 տոկոսից ավելի: Ինչպե՞ս են այդ մարդիկ գոյատևելու, սա լուրջ խնդիր է և, բնական է, որ արտագաղթն ավելի մեծ տեմպերով կշարունակվի, քանի որ մարդիկ անելանելի վիճակում են հայտնվելու»,- ասաց Կ.Չիլինգարյանը: