Հայաստանի էներգետիկ ոլորտի գլխավոր մարտահրավերների և այդ մարտահրավերների լուծումների վերաբերյալ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին ասաց, թե ոլորտի կառավարումը վատթարանում է։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին սակագները գտնվել են ծախսածածկման մակարդակից ցածր, իսկ Որոտանը վաճառվել է ոչ մրցութային եղանակով:
«Հրազդանի ՋԷԿ-ը պետք է շարունակի համակարգում ամենաթանկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ պակասուրդից խուսափելու նպատակով, որովհետև նոր, ավելի ցածր ինքնարժեքով ՀՑԳՏ-ն չի կարող իրատեսականորեն շահագործման հանձնվել 2020 թվականից շուտ, իսկ Մեծամորի ԱԷԿ-ը պլանավորած է մեկ տարով կանգնեցնել 2016 թվականին»,-ասաց Լորա Բեյլին՝ նշելով, թե հետևաբար՝ հնարավոր չէ դադարեցնել Հրազդանի ՋԷԿ-ի աշխատանքները:
Հաջորդ մարտահրավերը, ըստ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի, սակագների մատչելիությունն է:
«Սակագների մատչելիությունը դարձել է լուրջ խնդիր: Էներգիայի աճող սակագների պատճառով՝ դրանց վրա ծախսվող գումարները կազմում են տնտեսությունների բյուջեի 10%-ը»,-հայտարարեց Լորա Բեյլին:
Խոսելով էլեկտրամատակարարման անվտանգության մարտահրավերների մասին, Համաշխարհային բանկի պաշտոնյան ասաց, թե դրանցից են հնացած էլեկտրահաղորդագիծ գծերը, հնացած կարևոր ենթակայանները:
Լուծումները, ըստ Լորա Բեյլիի, գոյություն ունեցող ակտիվների հիմնանորոգման և ներդրումների առաջնահերթությունների որոշմամբ պետք է լինեն:
«Անհրաժեշտ է ավելացնել արտադրական նոր հնարավորությունները, իրականացնել ֆինանսական առողջացման ծրագրեր, ինչպես նաև պաշտպանել Հայաստանի ամենաաղքատ ընտանեկան տնտեսություններին»,-նշեց Լորա Բեյլին:
Ասուլիսի մյուս բանախոս՝ ՀԲ-ի էներգետիկ ոլորտի ավագ պատասխանատու Արթուր Կոչնակյանն ասաց, որ առաջին մարտահրավերը բավարար էլեկտրաէներգիայի երկարաժամկետ մատակարարումն է:
«Շատ կարևոր է մոտ ապագայում շահագործման հանձնել նոր ջերմային էներգաբլոկ: Այն, ամենայն հավանականությամբ, շահագործման կհանձնվի մոտակա 3-4 տարիների ընթացքում,-հայտարարեց Արթուր Կոչնակյանը,-ենթակայանների մասով գրեթե չֆինսավորված և ուշադրությունից վրիպածներ չկան»:
Ըստ ավագ պատասխանատուի՝ կարևոր խնդիր է նաև էլեկտրաէներգիայի մատչելիությունը սպառողների համար: Նրա գնահատականով՝ վերջին թանկացումները մեծապես կազդեն տնային տնտեսությունների տնօրինվող եկամուտների վրա. «Դա միջազգային պրակտիկայում կոչվող է էներգետիկ աղքատություն»:
Նա ասաց, թե ցանկալի է ուշադրություն դարձնել և գործող ընտանեկան նպաստների միջոցով մեղմել սակագների ազդեցության աճը սպառողների վրա: