Հիշում եմ և պահանջում 

Ճշմարտության դավաճանություն ԱՄՆ-ում. Օբաման հնազանդվում է Թուրքիային` անկախ 2008-ին տված իր խոստումից

analitik.am

Ուրուգվայում մամուլը շարունակում է լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման և այս անգամ novauruguay.com-ն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ 2008-ին տված նախընտրական խոստումին ու այսօրվա վարքին:

Հոդվածը՝ ստորև.

«Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոսեսի` Սպիտակ տանը ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հաստատվեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի օգտագործի «ցեղասպանություն» բառը ապրիլքսանչորսյան ուղերձում:

«Նախագահ Օբամայի հնազանդությունը Թուրքիայի առաջ ազգային ամոթի դրսևորում է: Դա պարզապես դավաճանություն է ճշմարտության հանդեպ, վստահության դավաճանություն», – հայտարարել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը և հավելել, – «Որպես հայկական ծագումով ամերիկացիներ, չնայած նախագահ Օբամայի` արտաքին ճնշումներին կրկնակի  ենթարկվելուն, շարունակելու ենք աշխատել մեր դաշնակիցների հետ` Հայոց ցեղասպանության հարցի ճիշտ և արդարացի կարգավորման համար»:

Օբաման նախագահ դառնալուց առաջ` 2008-ի հունվարի 19-ին, հայտարարել էր. «Փաստերն անժխտելի են: Պաշտոնական քաղաքականությունը, որն ստիպում է դիվանագետներին խեղաթյուրել պատմական փաստերը, անկայուն քաղաքականություն է: Որպես սենատոր հաստատապես աջակցում եմ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, և որպես նախագահ կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:

 

Նույն շարքից