Անցյալ շաբաթ ՕՊԵԿ-ի ժողովի ժամանակ որոշվեց փոփոխության չենթարկել նավթի արդյունահանման քվոտաները։
Անցյալ տարի նույն ժամանակահատվածում նավթի գինը մոտ 40% -ով ավելի բարձր էր, քան այժմ, և թվում էր, թե պետք է կրճատվի արդյունահանումը, որպեսզի գինը բարձրանա, սակայն դա տեղի չունեցավ։ Պատճառը գաղտնիք չէ ոչ մեկի համար՝ Սաուդյան Արաբիան իր Պարսից Ծոցի գործընկերների հետ միասին փորձում է ցածր գների միջոցով ճնշում գործադրել ամերիկյան նավթարդյունահանողների վրա, ովքեր թերթաքարային նավթ են արդյունահանում և դեռևս անցյալ տարի համաշխարհային նավթի շուկայում սպառնալիք էին ՕՊԵԿ-ի չափաբաժնի համար։
Եթե ՕՊԵԿ-ը կրճատեր նավթի արդյունահանումը և բարձրացներ գինը, ապա դա հնարավորություն կտար ամերիկյան արդյունահանողներին ավելացնել արդյունահանման ծավալները։
Սա լուրջ սպառնալիք է, քանզի արդեն իսկ բարելի դիմաց 45 դոլարից ցածր գնի դեպքում ներդրողները շարունակում են գումարներ ուղղել ամերիկյան նավթային հատվածին։ Wall Street Journal-ի տվյալներով, ամերիկյան նավթային ընկերությունները դեռևս այս տարվա առաջին քառամսյակում վաճառել են մոտ 17 մլրդ-ի նոր բաժնեմաս։
Սա անհամեմատ շատ է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում, երբ նավթի գներն անհամեմատ բարձր էին։ ԱՄՆ-ում լավատեսական մոտեցումներ ունեն և նախատեսում են ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների ավելացում՝ չնայած ցածր գներին։ Ներդրողները բաժնետոմսեր գնելիս պետք է հաշվի առնեն, որ գներն այժմ հասել են նվազագույնին, ուստի դրանք բարձրանալու են, և գնված բաժնամասերն էլ նրանց բարձր եկամուտ կապահովվի։
Քանի դեռ այս կերպ մտածող ներդրողներ կան, ՕՊԵԿ-ն իր առջև դրված խնդիրը չի լուծել։ Հիմա ՕՊԵԿ-ը մի խնդիր ունի՝ համոզել ներդրողներին նավթարդյունաբերության մեջ գումարներ ներդնել հիմա, այլ ոչ թե սպասեն, թե երբ են գները հասնելու ամենացածր կետին՝ հետո բարձրանալու նպատակով։
Հակառակ դեպքում, հենց գները սկսեն բարձրանալ, ներդրողները նորից կսկսեն մեծ քանակությամբ թերթաքարային նավթի բաժնեմասեր գներ։
Հիմնական հարցն այն է, թե երբ ներդրողները կհոգնեն և կհեռանան թերթաքարային նավթից։ Նավթային շուկայում փոփոխություններ կմտցնի նաև Իրանի նավթը։
Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելուց հետո Թեհրանը կտրուկ կբարձրացնի սև ոսկու արտահանումը, ինչը նույնպես կազդի նավթի գնի վրա։ Պետք չէ մոռանալ նաև Նիգերիայի, Լիբիայի և Իրաքի մասին, որոնք նույնպես ամեն վարկյան կարող են ավելացնել արտահանումը։ Սաուդյան Արաբիան արդեն հասկացրել է, որ չի պատրաստվում ավելացնել նավթի արդյունահանումը ներկայիս օրեկան 12,5 մլն․ բարելից ավել։
Ռեկորդային բարձր արդյունահանումը բացատրվում է նրանով, որ Սաուդյան Արաբիան ցանկանում է ամերիկյան մրցակիցներին ճնշել հիմա, այլ ոչ թե սպասել 2020 թ-ին, երբ ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը, ըստ մասնագետների կանխատեսումների, կնվազի։
Սաուդյան Արաբիայում ցանկանում են արդյունահանման ներկայիս պայմաններում բարձրացնել նավթի գները, որպեսզի հնարավորինս շատ գումար աշխատեն մինչև դրանց անկումը երրորդ տասնամյակի կեսերին։ Դեռևս 2011-ին տնտեսագետները կանխատեսել էին, որ 2035-ին Սաուդյան Արաբիան կսկսի արդյունահանել օրեկան 15 մլն․ բարել նավթ։