Հիշում եմ և պահանջում 

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը

analitik.am

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պաշտոնական կայքում նշվում է, որ հունիսի 16-ին Հայոց ցեղասպանության ճանաչման հարց է բարձրացրել բարոնուհի Քերոլայն Քոքսը: Մասնավորապես, նա հարցրել է, թե արդյո՞ք Բրիտանիան պատրաստվում է 1915 թվականին հայերի, հույների ու ասորիների սպանությունները ճանաչել որպես ցեղասպանություն, տեղեկացնում է Tert.am-ը:

Հարցին ի պատասխան՝ Լորդերի պալատում թագուհու ներկայացուցիչ Քորթաունի կոմս Ջեյմս Սթոփֆորդը հայտնել է, որ իրենք ճանաչում են 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և այլ խմբերի «սարսափելի տառապանքները»:

«Հիշելով ու հարգելով անցյալի զոհերին՝ մենք հավատում ենք, որ Բրիտանիայի առաջնահերթությունը պետք է լինի Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդներին ու կառավարություններին օգնելը, որպեսզի միասին առերեսվեն համատեղ պատմությանը»,-ասել է նա։

Ի պատասխան այդ հայտարարության՝ բարոնուհի Քոքսը հիշեցրել է, որ աշխարհի ավելի քան 20 երկիր, այդ թվում՝ Ֆրանսիան, Կանադան, Լեհաստանը, Չիլին ու Ավստրիան, ճանաչել է 1.5 մլն հայերի, հույների ու ասորիների զանգվածային սպանությունները: Նաև հիշեցրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին ու հարցրել՝ Մեծ Բրիտանիայի տեսակետն այդ հարցում չի՞ փոխվելու:

«Մենք հարգում ենք նրա (Հռոմի պապի) տեսակետն ու համաձայնում, որ պատմության դասերին առերեսվելը կարող է կանխել հետագայում նման դեպքերի կրկնությունը»,- պատասխանել է կոմսը:

Քննարկման ընթացքում Լորդերի պալատի ներկայացուցիչներն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերություններին, հետաքրքրվել, թե Միացյալ Թագավորությունն այժմ ինչ քայլեր է ձեռնարկում այդ հարաբերությունների կարգավորման համար։ Կարևորվել է Թուրքիայում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում հայկական ծագմամբ ներկայացուցիչների առկայությունը:

Նույն շարքից