Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի վերանորոգման ժամկետը կարող է տևել վեց ամիս: Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
«Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի վերանորոգման ու աշխատանքի երկարաձգման մասով ես որևէ ռիսկ չեմ տեսնում: Աշխատանքները կսկսեն 2017-ի գարնանից»,- տեղեկացրեց Աշոտ Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքով՝ մինչև հետազոտության առաջին փուլը չավարտվի, իրենք որևէ ռիսկ չեն կարող նշել:
«Ռիսկերից մեկը կարող է լինել ռեակտորի մետաղի վիճակը, սակայն մինչ այս պարբերաբար իրականացվել են պլանային վերանորոգման աշխատանքներ, հետևաբար, մինչ այս պահը որևէ ռիսկ չկա, և հուսով ենք, որ հետազոտությունների արդյունքում էլ որևէ լուրջ խնդիր չի լինի»,- հայտարարեց Աշոտ Մարտիրոսյանը՝ եզրափակելով, որ աշխատանքների ավարտից հետո ատոմակայանը ևս 10 տարի շահագործման համար լիցենզիա կստանա: