Տնտեսություն 

Մեկնարկել է ԴիջիԹեք բիզնես ֆորումը

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների մասնակցությամբ 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը մեկնարկել է հունիսի 19-ին։ Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Երկօրյա ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Աբրահամյանը նշել է, որ արդեն 8-րդ անգամ անցկացվող միջոցառումն իր շուրջն է համախմբում նորագույն տեխնոլոգիաներ ու ծառայություններ առաջարկող ընկերություններին` հնարավորություն ընձեռելով ներկայացնելու տեխնոլոգիական զարգացման ձեռքբերումները, նորագույն մոտեցումներն ու լուծումները:

«ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Մենք մեծապես խրախուսում ենք պետական և մասնավոր հատվածների միջև սերտ համագործակցության արդյունքում հեռանկարային ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը և դրանով իսկ նպաստում են օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, ձեռներեցության խթանմանը, նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը»,- ասել է գործադիրի ղեկավարը։

2014 թ․ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ընդունվեց ՏՏ ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթ, որի շրջանակում արդեն այս տարվանից ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Աբրահամյանը վստահեցրել է՝ կառավարությունը հետևողական է ՏՏ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քաղաքականության շարունակականության ապահովման հարցում:

«Տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտների նորագույն լուծումներն ու առաջարկություններն այսօր հաջողությամբ կիրառվում են Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում, ինչը նպաստում է տնտեսության ընդհանուր առաջընթացին, արտադրողականության և մրցունակության բարձրացմանը: ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպումն ու անցկացումը ևս կարևոր խթան է հանդիսանում տնտեսության տարբեր ճյուղերում տեխնոլոգիական լուծումների կիրառման մակարդակի բարձրացման համար»,- եզրափակել է նա՝ հավաստիացնելով, որ կառավարությունը լինելու է ՏՏ ոլորտի զարգացման աջակիցը և գործընկերը:

Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է ֆորումին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, ծառայություններին և նոր գաղափարներին:

Նույն շարքից