Տնտեսություն 

Հունվար-մայիսին առևտրաշրջանառությունը կրճատվել է 8.6%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2015 թվականի հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 2.7%: Միաժամանակ, մայիս ամսվա ՏԱՑ-ը ապրիլ ամսվա նկատմամբ կազմել է 7.1%, իսկ մայիսը նախորդ տարվա մայիսի նկատմամբ` 2.8%:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ առևտրի շրջանառության, որը կրճատվել է 8.6%-ով հունվար-ապրիլի -7.6% դիմաց (առևտրի շրջանառության մեջ մտնում են մանրածախ և մեծածախ առևտուրը և ավտոմեքենաների առևտուրը): Ծառայությունների աճը կազմել է` 3.8%, գյուղատնտեսության աճը` 6.0% և շինարարության աճը` 0.4%:

Արդյունաբերության աճը հունվար-մայիսին կազմել է 4.5%, իսկ մայիս ամսին նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 5.2%: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկների` արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսն առանց էներգետիկայի մայիս ամսին կազմել է 107.5%, իսկ հունվար-մայիսին` 106.1%:

Տարեսկզբից սկսած արդյունաբերության աճը դրական միտում ունի: Նույն պատկերն է նաև արդյունաբերության հիմնական ճյուղերում: Անգամ այն ճյուղերը, որոնք տարեսկզբին նվազում էին գրանցել 2015թ. 4 ամիսների կտրվածքով կամ աճ են գրանցել կամ էլ արագորեն վերականգնում են ծավալները և կապված նաև սեզոնային որոշակի գործոններից առաջիկա մեկ կամ երկու ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ կգրանցվի:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն աճ է գրանցվել և’ հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման, և’ մշակող արդյունաբերության ճյուղերում` համապատասխանաբար 23.4% և 4.0%: Անցկացված մոնիտորինգի տվյալներով մշակող արդյունաբերությունում թողարկման աճ(անվանական աճ) է գրանցվել մի շարք ենթաճյուղերում: Մասնավորապես` սարքաշինության ենթաճյուղում աճի տեմպը կազմել է 134.8%, մետալուրգիայում` 117.2%, քիմիայի և դեղագործական արդյունաբերությունում` 112.8%, փայտամշակում` 106.4% և էլեկտրատեխնիկա` 100.4%:

Աճ է գրանցվել նաև վերը նշված ճյուղերի արտահանման ծավալների գծով` փայտամշակում` աճի տեմպը` 176.6%, էլեկտրատեխնիկա` 111.9% քիմիա և դեղագործական` 109.9% և մետալուրգիա` 104.8%:

Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 32,3%-ով, սակայն հարկ է նկատի ունենալ, որ արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն: Տեղեկատվության ոչ ամբողջականությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»-ի` դեռևս ոչ բոլոր սուբյեկտների կողմից մաքսային մարմիններին տեղեկատվության ներկայացման հետ, քանզի դրանց ներկայացման էլեկտրոնային համակարգը Հայաստանի Հանրապետությունում սկսել է գործարկվել ապրիլի վերջին: Այնուամենայնիվ, կարելի է նշել, որ արտահանման բացասական ցուցանիշը դանդաղման միտում ունի:

Հունվար-մայիսին արտահանումը նվազել է 15.2%-ով, հունվար-ապրիլի 18.8% նվազման դիմաց:

Նույն շարքից