Քրիստոնյայի հավատքը շատ խոր ու մաքուր պետք է լինի, որպեսզի կարողանա ըմբռնել ու հասկանալ հարության իմաստն այնպես` ինչպես Պողոս առաքյալը հասկացավ ու քարոզեց, ինչպես հասկացան առաջին քրիստոնյաները, Հիսուսի բոլոր ճշմարիտ աշակերտները:
Եկեղեցին Հիսուսի հրաշափառ Հարությունը տոնում է որպես Զատիկ, որովհետև նա է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա` կյանք է` Զատիկ, « ... քանզի Քրիստոս` մեր զատիկը, մորթվեց ...» / Ա. Կորնթ. 5:7:8 /:
Գրիգոր Տաթևացին իր « Քարոզ սուրբ Զատիկի մասին» ճառում բերում է բոլոր փաստարկները, թե ինչու՞ նահապետները, սրբերը և մյուս արդարները չկարողացան մարդկությանն ազատել մեղքից ու մահից, և միայն Քրիստոսը` Աստվածորդին էր ի զորու դա անելու:
Սրբերը չէին կարող մարդկության մեղքը քավել ու ազատել մահից, որովհետև նրանք իրենք էլ մարդիկ էին, և մեկ մարդու փրկությունն ամբողջապես չէր կարող տարածվել առաջիների ու վերջինների վրա: Նաև մահկանացուն ու ապականելին չի կարող կյանք ու անապականություն տալ, այլ` անմահը և բնությամբ անապականը: Հանցանքին` մեղքին, հետևում է պատիժը` մահը: Մարդը ծնունդով հաղորդակից է սկզբնական մեղքին, իսկ որպես պատիժ` մեռնում է:
Հիսուսին թաղեցին Գողգոթայի ճանապարհին բլրի ստորոտում, որն իր վրա լացող ու իրեն խղճացող կանանց ուղղելով խոսքը մեկ անգամ ևս կրկնեց Երուսաղեմի կործանման գուշակությունը: Արդեն երեք ժամ էր անցել, ինչ Նազովրեցի Հիսուս Գողգոթայի գագաթին, խաչի վրա պրկված, ոտքերն ու ձեռքերը մեխերով գամված, մարմնի ծանրությամբ Իր վերքերից կախված, գանակոծության և փշե պսակի վերքերից տկարացած, շարունակ կաթիլ-կաթիլ արյուն էր կորցնում, երակների կենսական հյութը հետզհետե պակասում է, նվազում, մոտենում է կյանքի լույսը մարելու պահը: Վերջին ժամում արտաբերված մի քանի խոսքերը, մեկ-մեկ փափուկ և վեհ հոգի զգացման արտահայտություններ էին և իր սրտի արիություն անշեջ և ամբողջ լինելն էին ցույց տալիս:
Գողգոթայի խաչի վրա Հիսուս աղաղակեց. «Ամեն բան կատարվեց » /Հովհ. 19:30/, որից հետո հոգին ավանդվեց: Սա նշանակում էր, որ ամբողջությամբ կատարվեց Հայր Աստծո կամքը, լիացավ, գոհացավ Նրա սրբությունը և արդարությունը: Հիսուսի մահով փառավորեվեց Աստված, դադապարտվեց սատանայի իշխնաությունը, կատարվեցին մարգարեությունները:
Եվ քանի որ Հիսուսի մահով փառավորվեց Աստված, ուստի և Նա փառավորեց Իր Որդուն` Սուրբ Հոգով Հարություն տալով Նրան մեռելներից: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով:
Երեք օր հետո ` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման, անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին 2 հրեշտակ և ասացին. «Ինչու՞ եք ողջին մեռելների մեջ փնտրում:
Այստեղ չէ, այլ հարություն առավ» /Ղուկ. 24:5-6/: Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռլների հարություն չկա, ապա Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը»: / Ա. Կորնթ. 15:13-14 /:
Քառասուն օրերի ընթացքում երևալով աշակերտներին` Նա լեռան վրայից համբարձվում է երկինք և բազմում Հայր Աստծու աջ կողմում, որպես հավետինեկան բարեխոս, որպես խաղաղության, հաշտության և հավիտենական կյանքի ծիածան:
Քրիստոսի տառապանքների, մահվան ու հարության հետ կապված այս տոնն իրականում շատ ավելի խոր արմատներ ունի: Այն իր նախատիպերն է ունեցել հեթանոսական ծեսերում, որոնք առնչվել են բնության և կյանքի հարության, զարթոնքի գաղափարների հետ: Այս առումով ուշագրավ են Ն. Ադոնցի և Գ. Ղափանցյանի ուսումնասիրությունները, որոնք զուգահեռներ են անցկացնում տոնի մինչքրիստոնեական և քրիստոնեական ձևերի միջև` նկատի ունենալով այդ հանդիսությունների բովանդակության և կատարման ժամանակը:
Զատիկից մինչև Հոգեգալստյան հիսուն օրերի միջոցը կոչվում է Յինունք, այսինքն` հիսուն օր: Հիսուն օրերն էլ նվիրված են Քրիստոսի Հարությանը և այս ընթացքում պասի օրեր չեն նշանակված:
Հիսունքի յոթը կիրակիներն առանձին անուներ ուներ և կոչվում են հետևյալ անուններով.– Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ, Աշխարհամատրան կամ Կանաչ Կրիակի, Կարմիր Կիրակի, Երևման Խաչ, Համբարձում, Հինգշաբթի օր, Երրորդ Ծաղկազարդ, Հոգեգալուստ:
Արաքս Նազարյան