Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի անվամբ երեք հաշվեհամար գոյություն ունի: Այն հաշվեհամարը, որի շուրջ օրերս խոսակցություններ տարածվեցին, Տեր Վահրամի հավաստմամբ, բացվել է Գարեգին Առաջինի օրոք անհատ բարերարի կողմից, ինչը ևս փոխանցվել է ներկայիս կաթողիկոսին: «Ժամանակին հաշվեհամար բացվել է Գարեգին Առաջին Հայրապետի կաթողիկոսության շրջանում անհատ բարերարի կողմից, Վեհափառի մահվանից հետո հաշվեհամարը, ինչպես որ կարգն է, անվանափոխվել է Հայաստանի Հանրապետության տրամադրած համապատասխան փաստաթղթով իրավահաջորդ ընտրված կաթողիկոսի անունով, ով Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն է: 1.1 միլիոն դոլարին համարժեք գումար է, 1 միլիոնը անձեռնմխելի գումար է, մնացյալ 100 հազարը շահույթն է, որ գոյացել է այդ գումարից: Երբևէ այդ անձեռնմխելի գումարը չի կարող օգտագործվել որևէ նպատակով, այլ միայն շահույթը ինչ-որ պարբերականությամբ օգտագործվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կաթողիկոսի մամուլի խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Առաջին հաշվեհամարը բացվել է դեռ Վազգեն Առաջինի կաթողիկոսության շրջանում, որը նրա վախճանից հետո փոխանցվել է Գարեգին Ա կաթողիկոսին, այնուհետև` Գարեգին Բ-ին:
«Վազգեն Վեհափառի շրջանում այդպիսի հաշվեհամար եղել է ու այսօր էլ կա, այն ժամանակվա բանկային օրենքներով չէր կարող եղած գումարը գրանցվել եկեղեցու անունով: Հաշվեհամարը գրանցվել է ուղղակի եկեղեցու գլխի` Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունով: Եղել է երկրորդ անձ, ով երաշխավորն է եղել այն իրականության, որ եթե Վազգեն Ա-ն վախճանվի, հնարավոր լինի փոխանցել հաջորդ կաթողիկոսին: Այդ անձը Շիրակի թեմի նախկին առաջնորդ Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանն է, ով Վազգեն Առաջինի մահվանից հետո բոլոր անհրաժեշտ իրավական փաստաթղթերով իրավահաջորդ է ներկայացրել բանկին Գարեգին Ա-ին: Գարեգին Առաջինի մահվանից հետո էլ փոխանցվել է Գարեգին Երկրորդին»,-հայտնեց Վեհափառի մամուլի խոսնակը: